Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ասում են՝ այս իշխանությունը մեր նման անբարոյական չի, որ մարդկանց ձայնը կեղծի»․ Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանի հայտարարությունների մասին

«Ասում են՝ այս իշխանությունը մեր նման անբարոյական չի, որ մարդկանց ձայնը կեղծի»․ Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանի հայտարարությունների մասին
Քաղաքականություն
17:20, 28 май 2021
«Այսօր ասում են՝ այս իշխանությունը չունի բարոյական ռեսուրս ընտրությունը կեղծելու, իբր վատ բան են ասում։ Եկեք թարգմանենք դա ինչ է նշանակում, ասում են՝ այս իշխանությունը մեր նման անբարոյական չի, որ մարդկանց ձայնը կեղծի», - այս մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Նոր-Նորքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում։

«Այո՛, մենք այդ բարոյականության տերը չենք, որ ցավին տառապանքին, պարտությանը անհաղորդ մնանք։ Եթե Աստված չաներ մեր ժամանակ հոկտեմբերի 27 լիներ՝ մենք էլի կխեղճանայինք։ Դուք չէիք խեղճացել, ընդհակառակը՝ բերաններդ մինչեւ ատամներդ քշտած պտտվում էիք։ Չէիք խեղճացել, խի՞ պիտի խեղճանայիք», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ իրենց իշխանության  նպատակադրումը եղել է, որ երկրում ինստիտուտներ կայանան, որ արդարադատությունը անձնական քմահաճույքներից ձեւավորված չլինի․ «Մենք մարդկանց ազատություն ենք տվել եւ դատավորներին ենք տվել  ազատություն։

Հեղափոխությունը մարդկանց ազատություն է տվել այնքան, որ այս ընտրություններում մարդիկ կարող են իրենք իրենց զրկել ազատությունից. մեր ծրագրում չկա ընտրություն կեղծելու միտք եւ դա է հեղափոխությունը»։ 

Նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները եւ Սյունիքում տեղի ունեցած միջադեպը, վարչապետի պաշտոնակատարն ասաց․ «Մեզ այսօր ասում են՝ եկել են Մեղրի են տալիս, ես հետո իմացա, որ Մեղրի տվողների կուսակցության ներկայացուցիչներն էին «դեբոշ» սարքողները։ Մեղրի տալու պրոցեսը պաշտոնապես ընթացք տված մարդիկ էսօր եկել են մեզ ասում՝ Մեղրի եք տալիս. ո՞վ է Մեղրիի հարց քննարկել, ու՞մ հետ է քննարկել։ Երկաթուղի՞, այո’, իհարկե։ Իսկ մենք չե՞նք ուզում երկաթուղի անցնի, ո՞վ է ասել դա միջանցք է»։