Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի նախընտրական հանդիպումներին հիմնականում «բերման են ենթարկում» դաշինքի բիզնեսների աշխատակիցներին

Քոչարյանի նախընտրական հանդիպումներին հիմնականում «բերման են ենթարկում» դաշինքի բիզնեսների աշխատակիցներին
Քաղաքականություն
18:09, 28 май 2021
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական հանդիպումներին հիմնականում կամավորության սկզբունքով չեն գնում։ Մեր աղբյուրները պատմեցին, որ այդ նպատակով Քոչարյանի թիմը մարտավարություն է մշակել, ըստ որի համակիրների հետ հանդիպելու են՝ ըստ ոլորտների։ Այդ պատճառով էլ Քոչարյանը մեկ հանդիպում է բիզնեսի ներկայացուցիչների հետ, մեկ՝ գյուղոլորտի, մեկ՝ բուժաշխատողների հետ։

Բանն այն է, որ Քոչարյանի թիմում կան հանդիպումները հատուկ կազմակերպող անձիք, որոնք տարբեր ոլորտներում իրենց մեկ-երկու համակիրների միջոցով մարդկանց են «բերման ենթարկում» և դահլիճ լցնում։ Օրինակ՝ բուժաշխատողների հետ հանդիպումը կազմակերպել էր Իզմիրյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը, ով Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում է։ Այն, որ Չարչյանն ամբողջ հիվանդանոցի կոլեկտիվին հավաքել էր այդ հանդիպման համար, անգամ մամուլում է գրվել։

Գործարարների հետ հանդիպումը կազմակերպվել էր նույն տրամաբանությամբ՝ ներկա էին իր բիզնեսների ղեկավարները և աշխատակիցները։

Գյուղոլորտի ներկայացուցիչներին էլ Կոնգրես հյուրանոցի դահլիճում էր հավաքել «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, ով, կարծես թե վերջապես գտել է իր տեղը։

Մեզ պատմեցին, որ առաջիկա բոլոր հանդիպումները ևս նույն տրամաբանության մեջ են լինելու։

Ի դեպ, այսօր երեկոյան Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաք է նախատեսված Քոչարյանի կողմից։ Այս հավաքին ևս ներկա կլինեն իր և ցուցակում հանգրվանած այլ թեկնածուների բիզնեսների աշխատողները։ Հենց դա է պատճառը, որ Քոչարյանի բացօթյա միջոցռումների ժամանակ քաղաքացիները խուսափում են ասել, թե ինչու են եկել այդ հավաքին․ ապահովում են ֆիզիկական ներկայություն և հավաքի վերջում գնում տուն։

Արփի Հարությունյան