Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում հարցվածների 79 տոկոսը դատական համակարգը կախված է համարում նախկին իշխանություններից

Հայաստանում հարցվածների 79 տոկոսը դատական համակարգը կախված է համարում նախկին իշխանություններից
Քաղաքականություն
13:18, 29 май 2021
Հայաստանում հարցվածների 50 տոկոսն անկախ չի համարում Հայաստանի ներկայիս դատական համակարգը։ Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից իրականացված հարցման տվյալները:
 
Ինչպես հաղորում է «Հայաստանի բնակիչների հանրային կարծիքի ուսումնասիրություն» սոցիոլոգիական հետազոտության զեկույցը, հարցին` ինչպիսին է ձեր կարծիքը Հայաստանի ներկայիս դատական համակարգի մասին, անկախ է, թե՞ ոչ, հարցվածների 30 տոկոսը պատասխանել է  միանշանակ ոչ, 20 տոկոսը ավելի շուտ ոչ, 10 տոկոսը այո, 15 տոկոսը ավելի շուտ այո։ Հարցվածների 25 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Հարցին, թե ձեր կարծիքով, դատական համակարգը որքանով է կախված նախկին իշխանություններից, հարցվածների 40 տոկոսը պատասխանել է, որ լիովին կախված է, 39 տոկոսը պատասխանել է՝ մի փոքր կախված է, 6 տոկոսը՝ բոլորովին կախված չէ, 3 տոկոսը մի փոքր կախված չէ։ 12 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։

Մյուս հարցին` ձեր կարծիքով, դատական համակարգը որքանով է կախված ներկայիս իշխանությունից, հարցվածների 13 տոկոսը պատասխանել է, որ լիովին կախված է, 39 տոկոսը պատասխանել է՝ մի փոքր կախված է, 26 տոկոսը՝ բոլորովին կախված չէ, 8 տոկոսը մի փոքր կախված չէ։ 14 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։

Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտությունն իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը: