Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրին տվողը դուք եք եղել և Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքի գնով Մեղրին փրկել են, ձեզանից են փրկել․Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Այսօր ՔՊ Նուբարաշենի իր համախոհների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է 1999 թվական նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովի ժամանակ, Հայաստանի կողմից կողմ քվեարկած մի բանաձևի մասին, որը կոչվում է Եվրոպայի անվտանգության խարտիա։

«Հայաստանում կան քաղաքական գործիչներ, նախկին իշխանավորներ, որոնք ուզում են ցույց տալ, որ այ էս բանաձևով, էս միտքը, բովանդակությունը հասարակ մահկանացուների մտքին հասու չի և դա մենակ իրանք կարող են հասկանալ, թե ինչ է գրած և մանիպուլացնեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, որ 1999 թվականի նոյեմբերի 30-ին պաշտոնապես ընդունվել է սա նշանակում է, որ 1999 թվականի սեպտեմբեր, հոկտեմբերին այս փաստաթուղթն արդեն պետք է պատրաստ լիներ, նախագիծը՝ վերջնական տեսքով։

«Հիմա հարց, երբ այս փաստաթղթին համաձայնություն էր տալիս, Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը պետք է որոշակի պատկերացում ունենար, լավ ոնց է պատկերացնում, քանի որ սա ընդունել ենք՝ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմո՞ւմ։ Բնականաբար ոչ, չէր կարող էդ իշխանությունն այդպիսի բան ասեր, մանավանդ 1998 թվականի իշխանափոխությունից հետո, երբ որ հաղթական տրամաբանությամբ գալիս էին իշխանության։ Հետևաբար էս համատեքստում հնարավոր կոմպրոմիսը եղել է հետևյալը, որ տարածքների փոխանակման միջոցով լուծել Ղարաբաղի հարցը։ Եվ այդ համատեքստում է, որ ձևավորվել է Մեղրին Ադրբեջանին փոխանակելու այդ փաստաթուղթը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ փաստթղթի տրամաբանությունը հետևյալն էր, որ Մեղրին փոխանցվում է Ադրբեջանին, այնուհետև Փաշինյանը մեջբերում արեց առաջին հոդվածից․

«Նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988 թվականի եղած սահմաններում), ինչպես նաև ա հավելվածում նշվածը փոխանցվում են ՀՀ-ին, սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը, 1988 թվականի եղած սահմաններում, ինչպես նշված է ա հավելավածում, փոխանցվում է Արդբեջանի Հանրապետությանը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանը սկսում է իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայլի, Կուբաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի և Ղազախի շրջանները։ Եվ Ղազախի շրջանները, էս էն գյուղերի թեման է, որի մասին խոսում են։ Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվի սույն համաձանագրի ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։  

Այնուհետև նա տեղեկացրեց, որ 1999 թվականի սեպտեմբերին կամ հոկտեմբերին տեղի է ունենում ԱԽ նիստ, որտեղ այս հարցը դրվում է քննարկման, Ռոբերտ Քոչարյանի կողմից, հղում Ռիմա Դեմիրճյանի գիրքը, և Վաղարշակ Հարությունյանն այն ժամանակ եղել է Պաշտպանության նախարար և քննարկման է դրվում այս տարբերակը։

«Ե՛վ Վազգեն Սարգսյանը, և՛ Կարեն Դեմիրճյանը բնականաբար դեմ են արտահայտվում, ինչու բնականաբար, որովհետև, այս տրամաբանությամբ մենք ոչ միայն մի շրջան ենք կորցնում, այլ ԻԻՀ-ի հետ մեր բաց սահմաններից մեկը կորցնում ենք։ Եվ որից հետո Վազգեն Սարգսյանը գնում է Մեղրի, Մեղրիում ելույթ է ունենում, մարդիկ չգիտեն ինչի մասին, բայց ենթատեսքտով այս փաստաթղթի դեմ, որից հետո տեղի է ունենում Հոկտեմբերի 27-ը և՛ Կարեն Դեմիրճյանը, և՛ Վազգեն Սարգսյանը սպանվում են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով այն մասին, որ իրենց ասում են Մեղրին տալիս են, Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս, ո՞վ է տալիս, ո՞ւմ է տալիս, ե՞րբ է տալիս։

«Մեղրին տվողը դուք եք եղել և Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքի գնով Մեղրին փրկել են, ձեզանից են փրկել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։