Գերեվարված հայերի հարցով զբաղվում է անձամբ Վլադիմիր Պուտինը. վստահ եմ՝ այն հաստատ լուծվելու է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Քաղաքականություն
«Ես չեմ չափազանցնում, սա այն հարցն է, որով անձամբ զբաղվում է մեր երկրի նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Ես վստահ եմ՝ այն հաստատ լուծվելու է»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ հարցի լուծումը, հնարավոր է, չլինի այնքան շուտ, որքան ակնկալում են բոլորը, բայց արվում է առավելագույնը:
Դեսպանը նշել է, որ հայ գերիների վերադարձը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջնահերթությունների շարքում է:
Ապա ՌԴ դեսպանն անդրադարձել է Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում քննարկված հարցերին:
«Մենք խոսել ենք այն խնդիրների մասին, որոնք առաջացել են 2020 թ. վերջին ողբերգական իրադարձություններից հետո: Խոսել ենք Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելության, հումանիտար աջակցության մասին»,- ասել է ՌԴ դեսպանը: