Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրավեր կա ուղիղ եթերում բանավեճի ժամանակ յուրաքանչյուրն իր խիզախությունը, տղամարդկությունը, խելացիությունը, հայերենին տիրապետելու հմտություններն ի ցույց դնելու մեր ժողովրդին․ Հայկ Կոնջորյան

Հրավեր կա ուղիղ եթերում բանավեճի ժամանակ յուրաքանչյուրն իր խիզախությունը, տղամարդկությունը, խելացիությունը, հայերենին տիրապետելու հմտություններն ի ցույց դնելու մեր ժողովրդին․ Հայկ Կոնջորյան
Քաղաքականություն
14:51, 31 май 2021
«Քաղաքական բանավեճերի ընթացքում սրությունն ընդհանրապես ընդունված երևույթ է, այդ թվում նաև ժողովրդավարական երկրներում,  և մենք մեր ասելիքը և քաղաքական ընդդիմախոսների հետ մեր գաղափարական բախումներն ըստ էության կազմակերպում ենք հռետորաբանության մակարդակով»,- այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Նա նշեց, որ իրենք ոչ ոքի չեն հետապնդում, փողոցներում, «պադյեզդներում» մարդկանց չեն ծեծում, բարևելու համար մարդկանց նկատմամբ բռնություն չեն գործադրում՝ մինչև կյանքը խլելը, այսինքն՝ դրանք իրենց արժեբանության մեջ չեն։

«Մենք մարդկանց հետ խոսում ենք, բանավիճում ենք հռետորաբանության մակարդակում, և նրանք, ովքեր հնչեցնում են սպառնալիքներ, տարբեր կոնտեքստներում, ահա այդ մարդկանց, էս դեպքում քաղաքական ուժերի առաջնորդների մասին է խոսքը, հրավեր կա, որպեսզի գան և ուղիղ եթերով, հանրության առջև բանավեճի ժամանակ, յուրաքանչյուրն իր խիզախությունը, իր տղամարդկությունը, իր խելացիությունը, հայերենին տիրապետելու կամ չտիրապետելու իր հմտությունները, տնտեսությանը, անվտանգությանը տիրապետելու կամ չտիրապետելու իր հմտությունները ի ցույց դնելու մեր ժողովրդին»,- ասաց Հայկ Կոնջորյանը։

Պատգամավորը կարծում է, որ բանավեճն ընդունելը կամ մերժելը նաև վերաբերմունք է ժողովրդի նկատմամբ, որովհետև ժողովուրդը, որպեսզի ընտրի, իրավունք ունի տեսնելու, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջնորդ ուղիղ եթերով ինչպես է ըստ էության դրսևորում իրեն։

«Եվ  եթե վախենալու բան չունեն, սարսափելու բան չունեն ուղիղ եթերում պատասխանելու հանպատրաստից հարցերի և մտնելու բանավեճի մեջ, և եթե վախենալու բան չունեն, որ իրենց իմիջմեյքերների կառուցած միֆերը կարող են ընդամենը մի քանի րոպեների ընթացքում փլուզվել, ապա ես կարծում եմ, որ բոլորը պետք է ընդունեն բանավեճի հրավերը և ոչ թե գնան փակ սենյակներում ծածուկ ասուլիսներ կազմակերպեն, փակ դահլիճներում ծածուկ հանդիպումներ կազմակերպեն։ Դրա համար պետք է դուրս գալ փողոց, պետք է շփվել մարդկանց հետ, պետք է հանպատրաստից մտնել գյուղեր և քաղաքներ և պետք է, այո՛, նախընտրական բանավեճի ժամանակ գնալ և ուղիղ եթերով, թեկուզև սուր, բանավիճել քաղաքական ընդդիմախոսիդ հետ»,- ասաց Հայկ Կոնջորյանը։