Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ի հին ընտրակեղծարար մեքենան այս ընտրություններին աշխատում է Քոչարյանի համար ու Քոչարյանի փողերով

ՀՀԿ-ի հին ընտրակեղծարար մեքենան այս ընտրություններին աշխատում է Քոչարյանի համար ու Քոչարյանի փողերով
Քաղաքականություն
17:40, 31 май 2021
Պարզվում է` ՀՀԿ-ի հին ընտրակեղծարար մեքենան՝ գյուղապետերով ու թաղային հեղինակություններով, որը նախորդ բոլոր ընտրություններին աշխատել է ՀՀԿ-ի համար, այժմ աշխատում է Ռոբերտ Քոչարյանի համար։ 

Civic.am
-ի տեղեկություններով 2-3 շաբաթ առաջ Լոռու մարզի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը Վանաձորում հավաքել է նախկին ու ներկա ՀՀԿ-ական գյուղապետերին ու քաղաքապետերին։ Հանդիպման նպատակը նախընտրական է եղել։

Նալբանդյանը տեղեկացրել է, որ այս ընտրություններին աշխատելու են ոչ թե ՀՀԿ-ի, այլ Քոչարյանի համար։ Ապա քննարկվել է մնացած մանրամասները։ Մասնավորապես տեղեկացվել է, որ մեկ ձայնի համար խոստացվել է 20 հազար դրամ։ Ընտրողներից ով համաձայնվում է ձայն տալ Քոչարյանին, պետք է տա իր անձնագիրը, որը պատճենահանվում և հետ է վերադարձվում։ 

Քոչարյանի համար է աշխատում նաև Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, որը համարվում է ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովի մտերիմը և Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի դրածոն։ Նա նախորդ բոլոր ընտրություններին աշխատել է ՀՀԿ-ի համար, մարզից Էդուարդ Շարմազանովի ձայներն անձամբ է ապահովել, սակայն հիմա ձայներ է ապահովում Ռոբերտ Քոչարյանի համար։ 

Խեչումյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց լուրերը։ «Դրանք սխալ տեղեկություններ են։ Ես ձեզ հետ խոսելու ոչ մի բան չունեմ»,-ասաց նա։

Հիմա ՀՀԿ-ի՞ համար եք աշխատում, թե՞ Քոչարյանի՝ հարցրեցինք.«Ես իմ համայնքի համար եմ աշխատում, ոչ մի քաղաքական ուժի համար չեմ աշխատում, հաջողություն»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը։

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ շատ ակտիվ է այս ընտրություններին, բայց Քոչարյանի համար չի աշխատում.«Ձեզ շատ սխալ տեղեկություններ են հասել, դրանք օդում կախված լուրեր են»,-ասաց նա։

Մեր ճշտող հարցին՝ եթե «շատ ակտիվ է», ապա ո՞ւմ համար է աշխատում, Նալբանդյանը պատասխանեց. «Իմ կուսակցության համար։ ՀՀԿ-ի»։

Նալբանդյանը հերքեց նաև գյուղապետերի հետ հանդիպման լուրերը. «Այդ տեղեկությունները շատ սխալ են, հետևաբար եկեք սահմանափակվենք։ Ես ՀՀԿ-ի համար եմ աշխատում և վերջ»,-ասաց նա ու 20 հազար դրամ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը։

Մեզ հայտնի է դարձել, որ վերոնշյալ հավաքին ներկա է եղել և Քոչարյանի ընտրարշավին է լծվել նաև Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Մհեր Գևորգյանը։ Այդ համայնքն իր մեջ ներառում է Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր համայնքները։ 

Տաշիրում ու Ստեփանավանում Քոչարյանի քարոզարշավին է լծված նաև ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայր ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը։  

Մենք նախօրեին գրել էինք, որ Քոչարյանի համար է աշխատում նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը՝ ընտրողներին խոստանալով 20 հազար դրամ։ Նա հերքել էր այդ տեղեկությունը, բայց նաև հավելել, որ եթե իր համայնքի ընտրողները գան ու իրեն ասեն, որ ուզում են Քոչարյանին ընտրել, ապա ինքը նրանցից շնորհակալություն կհայտնի։ 

Ի դեպ ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը վերջին օրերին բավական շատացել են։ Այսօր ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգել է նաև «Արդար Հայաստան» կուսակցության ղեկվար Նորայր Նորիկյանը։ «Մենք որպես նորաստեղծ կուսակցություն ամեն օր ահազանգեր ենք ստանում, որ կաշառք է բաժանվում՝ 60 հազարով, 50 հազարով, 100 հազարով։ Այդքան ասեկոսե հնարավոր չէ ստանալ։

Հանձնարարեք ձեր իրավապահ մարմիններին թող ստուգեն»,-ասել է Նորիկյանը։ 

Գլխավոր դատախազությունից հետաքրքրվել ենք՝ առ այսօր ընտրակաշառքի վերաբերյալ որևէ հաղորդում ստացե՞լ են, թե՞ ոչ, և ի՞նչ իրավական ընթացք է տրվել դրանց։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

 Արփի Հարությունյան