Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միհրան Պողոսյանի վերցրած կեղծ տեղեկանքի մասով ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում

Միհրան Պողոսյանի վերցրած կեղծ տեղեկանքի մասով ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում
Քաղաքականություն
13:12, 01 июнь 2021
ԱԺ արտահերթ ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու «Պատիվ ունեմ» դաշինքով մասնակցող Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան)  ներկայացուցչի կողմից դատարանին կեղծ տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ փաստերը ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունն ուղարկել է Երևան քաղաքի վարչություն։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Նա նաև հավելեց, որ ներկայումս Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Նշենք, որ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը մայիս ամսին 3 տեղեկանք է ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որպեսզի պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանին տրամադրվի վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:

Միայն Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից երկու տեղեկանք է ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ մեկն առկա ուսուցմամբ մագիստրատուրայի առաջին կուրս ընդունվելու մասին, որի հիման վրա ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկանք չի տրամադրել, և երկրորդը՝ նույն համալսարանում՝ 15.01.2020-31-05.2020թթ Միհրան Պողոսյանի կողմից նախապատրաստական դասընթացների ընդգրկվելու մասին, որի հիման վրա տրամադրվել էր տեղեկանք։ Տեղեկանքը ներկայացվել էր ԿԸՀ, սակայն օրեր անց Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից գրություն էր ուղարկվել, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, և հերքվել է համալսարանի կողմից նրան տեղեկանք տրամադրելու փաստը։ 

Հատկանշական է, որ Ոստիկանության կողմից սույն փաստի արձանագրումից հետո Միհրան Պողոսյանի ներկայացուցիչ Նորայր Հարությունյանը երրորդ տեղեկանքն է ներկայացրել ԱՎ վարչություն, սակայն այս անգամ արդեն Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի փոխարեն Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից ստացված տեղեկանք առ այն, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին: 

Միհրան Պողոսյանի ներկայացուցիչ Նորայր Հարությունյանից հետաքրքրվեցինք, ինչպե՞ս է ստացվել, որ նույն ժամանկահատվածում տարբեր ուսումնական հաստատություններից Միհրան Պողոսյանը երկու տեղեկանք է վերցրել՝ դասընթացների ներգրավված լինելու մասին, մասնավորապես երբ մեկը պարզվել է իրականությանը չի համապատասխանում, երկրորդն են ներկայացրել Ոստիկանություն։ 

«Միհրան Պողոսյանը ինչ փաստաթղթեր ինձ ուղարկել է ես դրանք եմ ներկայացրել Ոստիկանություն, հետևաբար այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում ու ես ինքս էլ իրեն հարց չեմ տվել, որ պատասխան ստանամ»,- պատասխանեց փաստաբանը։ 

Նորայր Հարությունյանից հետաքրքրվեցինք նաև՝ 2018թ․-ից հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը ե՞րբ է վերադառնալու Հայաստան, արդյո՞ք ընտրությունների արդյունքներից է կախված վերադարձը, որին ի պատասխան՝ փաստաբանն արձագանքեց․ «Դա իր իրավունքն է, ինքն է որոշում երբ գա-գնա, ինչ անի, ոնց անի, ես ուղղակի իր շահերը ներկայացրել եմ տվյալ մասով»։

Հիշեցնենք, որ Ոստիկանության կողմից նաև հարցում է ուղարկվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ՝ երրորդ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով։։ 

Նարա Մարտիրոսյան