Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպե՞ս կգնահատեք Գյումրու մաքսատան էֆֆեկտիվությունը․ Պատգամավորի հարցը ֆինանսների նախարարին. Ուղիղ

Ինչպե՞ս կգնահատեք Գյումրու մաքսատան էֆֆեկտիվությունը․ Պատգամավորի հարցը ֆինանսների նախարարին. Ուղիղ
Քաղաքականություն
11:49, 02 июнь 2021
Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին, թե ինչպես կգնահատեն Գյումրու կառուցված մաքսատան էֆֆեկտիվությունը։

Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ չի կարծում, թե պետք է քննարկեն կոնկրետ միջոցառման արդյունավետության հարցը, քանի որ Գյումրու ԱՏԳ-ն ընդհանուր ուղղության մասն է միայն, այսինքն՝ միջոցառումներից մեկն է։

«Եթե առանձին վերցնենք միայն շինարարության մասը, ապա դա դժվար կլինի, որևէ տեսակետից ուղղակիորեն վերջնարդյունքի հետ  կապելը, բայց այդ ընդհանուրի մեջ, թե արդյունքային ինչպիսի ցուցանիշներով է գնահատվում ՊԵԿ-ի գործունեությունը և արդյոք այդ միջոցառումը, կամ դրա համար նախատեսված կատարողական հիմնական ցուցանիշը էն չափով է արձանագրվել, ինչքանով, որ նախանշված էր, թե ոչ»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։      

Հարցին արձագանքեց նաև ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, նշելով, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Գյումրիում կառուցվող մաքսատան գործունեության կենտրոնի ծրագիրը, որպես այդպիսին իրականացվում է ՊԵԿ-ի կողմից, այդ առումով իրավունք վերապահեց իրեն՝ անդրադառնալ Արտակ Մանուկյանի հարցին։

«Գնահատելու համար, թե շինարարության արդյունքային մասով մենք ինչ ունենք, ես կարծում  եմ, որ նախ պետք է հասկանանք, թե  ինչ ծրագիր և ինչ նպատակադրումներ են դրվել այդ շինարարության, այդ ծրագրի իրականացման հիմքում ի սկզբանե, որպեսզի կարողանանք գնահատականներին հասկանալի մոտենանք։ Առաջին հերթին այն 2019 թվականին նախատեսվել է, որպես ավտոմաքսատուն և միտված է եղել 2019 թվականին ՀՀ ներկրվող աննախադեպ ծավալով տրանսպորտային միջոցների մաքսազերծման գործընթացը կազմակերպելու համար բավարար պայմանների ապահովմանը։ Ինչը, մեր գնահատմամբ, արդյունավետ իրականացվել է»,-ասաց ՊԵԿ նախագահը։    

Այնուհետև նա նշեց, որ դրանից հետո որոշում է կայացվել տարածքում  կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն և որպես այդպիսին կենտրոնի  կառուցման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են և դեռևս  չկա ամբողջական կառուցվածքով կենտրոն՝ իր բոլոր ենթակառուցվածքներով և ծառայություններով և որպես այդպիսին այս պահին վաղ է գնահատել, թե կենտրոնի արդյունքային ցուցանիշներն ինչպիսին են։