Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևորը՝ թղթերով ամեն ինչ կարգին է․ ինչպե՞ս է ԿԸՀ-ն գրանցել հետախուզման մեջ գտնվող Քեթրինի Միհրանին

Կարևորը՝ թղթերով ամեն ինչ կարգին է․ ինչպե՞ս է ԿԸՀ-ն գրանցել հետախուզման մեջ գտնվող Քեթրինի Միհրանին
Քաղաքականություն
16:33, 02 июнь 2021
Ինչպես հայտնի ՝ ԴԱՀԿ նախկին պետ, Քեթրինի Միհրան մականունով հայտնի Միհրան Պողոսյանը, որին ՀՔԾ-ն դեռ 2019 ապրիլի 15-ին մեղադրանք է առաջադրել և հետախուզում հայտարարել, ԿԸՀ-ի կողմից բարեհաջող գրանցվել է հունիսի 20-ին ընտրություններին ՀՀԿ-Վանեցյան դաշինքով մասնակցելու համար։ Թերևս ակնհայտ է, որ Միհրան Պողոսյանի երազանքը պատգամավորական անձեռնմխելիություն ստանալն է։ 

Սակայն անհասկանալի է, թե ինչպես է ԿԸՀ-ն բացահայտ քրեական հետախուզման մեջ գտնվող և Հայաստանից 2 տարի բացակայող մեղադրյալին գրանցել որպես թեկնածու։  

«Օրենքո՞վ եմ գրանցել, թե՞ ոչ, ասում եմ՝ այո»,- մեր տարակուսանքին այսպես պատասխանեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով․ «Ոստիկանությունից պարզաբանում ստացեք, թե ինչի են տվել 2-րդ տեղեկանքը, մեզ հարցնում եք, որ ի՞նչ»։ 

Դիտարկմանը, թե այսինքն՝ նորմալ են համարում, որ մարդը կարող է Հայաստանից դուրս, և՛ հետախուզման մեջ լինել, և՛ գրանցվել ԿԸՀ-ում որպես թեկնածու ու մասնակցել ընտրություններին, Մուկուչյանն այսպես պատասխանեց․ «Մենք նայում ենք փաստաթղթերին և փաստաթղթերի համապատասխությունը օրենսդրությանը։ Հետախուզումը ի՞նչ կապ ունի, ներողություն, գրանցումը տեղի է ունեցել, հիմա դուք զանգել եք ինձ, ի՞նչ եք հարցնում։ Միանշանակ իրավաչափ է։ Հիմքեր կա չէ՞ դրա համար, որ գրանցվել է»։ 

Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ եթե տեղեկանքը տրվում է, ԿԸՀ-ն տեղեկանքի հիմքերի իրավասությունն ուսումնասիրելու լիազորություն չունի․ «Կա տեղեկանք՝ կատարվում է գրանցում, չկա տեղեկանք՝ մերժվում է գրանցումը։ Բերեք ապացույց, որ կեղծված է, թող տեղեկանքի հիմքերը վիճարկվի, կգա ԿԸՀ, ուժը կորցրած կճանաչվի։ Եթե փաստաթղթերը բավարար չէին տեղեկանքը տրամադրելու համար, պետք է չտրամադրվեր տեղեկանք»։  

Ըստ ոստիկանության,  ՌԴ-ում ուսման մասին Պողոսյանն արդեն 2 կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, որոնք մերժվել են։  Ապա ներկայացրել է 3-րդ դիմումը և Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից տրված տեղեկանքը առ այն, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին: 

«Վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։ 2021թ. մայիսի 30-ի դրությամբ նշված հարցման պատասխանը դեռևս չի ստացվել, ուստի օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ Միհրան Պողոսյանին տրվել է նոր տեղեկանք»,-նշել է ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Պանամայի օվշորի գործով՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մարինե Խառատյան