Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ին Հռոմի ստատուտի իրավազորության ճանաչումը րոպե առաջ է պետք՝ Ադրբեջանի նախագահին, բանակի ղեկավարներին միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելու համար

ՀՀ-ին Հռոմի ստատուտի իրավազորության ճանաչումը րոպե առաջ է պետք՝  Ադրբեջանի նախագահին, բանակի ղեկավարներին  միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելու համար
Քաղաքականություն
22:16, 29 март 2023
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի   կանոնադրության (ստատուտի) սահմանադրական լինելու վերաբերյալ ՍԴ որոշումը բազմաթիվ սպեկուլյատիվ՝  ՀՀ ազգային-պետական շահերին հակասող  մեկնաբանությունների առիթ է դարձել։  Հայտնի   շահագրգիռ  ուժերն ամեն կերպ  փորձում են նենգափոխված ներկայացնել   հիշյալ փաստաթուղթը վավերացնելու  ՀՀ իշխանության մտադրությունը՝ այն տանել-հանգեցնելով  «Պուտինին ձերբակալելու» օրդերի հետ։  Հիշեցնենք՝ մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը  ձերբակալության օրդեր էր տվել ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին և նախագահի՝ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային՝ ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեղադրանքով։ 

 Մինչդեռ, նկատենք,  ՀՀ-ն մտադիր է վավերացնել  Հռոմի ստատուտը (ՄՔԴ-ի   իրավազորությունը հետադարձորեն ճանաչելով՝ 2021 թ. մայիսի 12-ից ի վեր),  որպեսզի հնարավորություն ունենա Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ընդդեմ այդ երկրի  գործընթաց սկսել հիշյալ դատարանում։ 

Հայտնի է, որ  խնդրո առարկա կանոնադրությունը  2004-ին ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց՝  արգելակելով դրա վավերացումը։ Միջազգային իրավունքի որոշ մասնագետների խոսքով՝  ստատուտի չվավերացված լինելը խոչընդոտ հանդիսացավ, որպեսզի հետագայում, երբ տեղի ունեցավ  Ապրիլյան պատերազմը, որի ժամանակ Ադրբեջանի կողմից կատարվեցին պատերազմական հանցագործություններ,  ՀՀ-ն կարողանա դիմել Միջազգային քրեական  դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի։ Հիշեցնենք, որ Արցախի գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը Արցախի զինծառայողների և քաղաքացիների նկատմամբ թույլ են տվել պատերազմական հանցագործություններ՝ խոշտանգում, մահվամբ պատժում և մարմինների անարգում (տե՛ս Արցախի ՄԻՊ զեկույցը՝ «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի»), ընդ որում, դեպքերի մեծ մասի դեպքում առկա է հանցագործությունների համակցություն:   

Արցախի դատախազության տվյալներով՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի հետևանքով դաժանաբար սպանվել, իսկ այնուհետև տարբեր խոշտանգումների է ենթարկվել Պաշտպանության բանակի 34 զինծառայող, ինչի փաստով դատախազությունը 7 քրեական գործ է հարուցել: Եվս 3 քրեական գործ հարուցվել է 19-ամյա եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի, պայմանագրային վարորդ Հրանտ Ղարիբյանի և 31-ամյա մայոր Հայկ Թորոսյանի սպանության փաստերով. փորձաքննության համաձայն՝ Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո, իսկ Հայկ Թորոսյանին գլխատել են կենդանության օրոք: Բացի վերը թվարկված հանցագործություններից, ադրբեջանական ագրեսիայի զոհ են դարձել Արցախի քաղաքացիական անձինք. ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման հետևանքով Արցախի Մարտունու Զորավան (Ներքին Ճարտար) գյուղում սպանվել է 12-ամյա Վաղարշակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա՝ վիրավորվել: Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմից ՄԻԵԴ է ներկայացվել շուրջ 390 գանգատ՝ զոհվածների մարմինները խոշտանգելու, դիմումատուների կյանքի իրավունքի խախտման, պատերազմական գործողությունների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքով արգելված գործողությունների կատարման, այդ թվում՝ զոհվածների անձնական կյանքի, ազգային խտրականության ենթարկելու, սեփականության իրավունքի խախտման հիմքերով։ 
Հռոմի ստատուտը հակասահմանադրական ճանաչվեց, քանի որ... 
 
ՄԻԵԴ աշխատակազմի նախկին աշխատակից, փաստաբան 
Արման Զրվանդյանը նախորդ տարի՝ Ադրբեջանի կողմից  սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո, մամուլում հայտարարել էր (https://www.1in.am/3167601.html), որ ՀՀ-ն Միջազգային քրեական դատարանի հետ չի աշխատում ու չի աշխատել: «1999 թվականին ստորագրել ենք, սակայն չենք վավերացրել համագործակցության արձանագրությունը, այսինքն՝ այդ միջազգային կազմակերպության անդամ չենք: Դրա համար բազմաթիվ պատճառներ կան. եղել են երկրներ, որոնք խոչընդոտել են Հայաստանի մասնակցությանն այդ դատարանին, իրենց շահերից ելնելով նույնիսկ ՍԴ-ն եզրակացություն է ներկայացրել, որ դատարանի կանոնադրությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Բայց դրանից հետո երկու անգամ Սահմանադրություն է փոխվել»,-նշել էր մասնագետը:  Նա նաև հավելել էր, որ (44-օրյա)  պատերազմից հետո իրավիճակը փոխվել է,  արդեն հարձակումները ՀՀ  տարածքի վրա են տեղի ունենում, «և իմ խորին համոզմամբ՝ անվտանգության շերտ կավելանար Հայաստանի համար, եթե մենք հիմա անդամակցեինք այդ միջազգային քրեական դատարանին»:   Մասնագետի խոսքով՝ ՄՔԴ-ն  չի դատում պետություններին, այլ  դատում է միայն անհատներին՝ ռազմական հանցագործությունների, ցեղասպանության հանցագործության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, 2018-ից ի վեր՝ արդեն նաև ագրեսիայի հանցագործության համար: Այդ 4 խումբ հանցագործությունների համար պատասխանատու են ֆիզիկական անձինք: Ագրեսիայի հանցագործության համար քրեական մեղադրանքը կարող է հասնել մինչև գերագույն գլխավոր հրամանատարին, շտաբի պետին: «Այսինքն՝ այստեղ պատասխանատվությունը հասցեական ու անհատական է: Կոնկրետ անձը ենթարկվում է մեղադրանքի, և եթե մեղադրանքը հաստատվում է, ենթարկվում է քրեական պատասխանատվության ու պատժի»: Այդ դատարանը կարող է նույնիսկ երկրի գործող ղեկավարին, առանց հաշվի առնելու իմունիտետները, քրեական պատժի ու ազատազրկման դատապարտել: Եվ քանի որ  ՀՀ-ն չի  վավերացրել ստատուտը, մեզ վրա չի տարածվում այդ դատարանի իրավազորությունը և չի գտնվում պաշտպանության տակ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի կողմից գերեվարված  հայ  զինծառայողների խոշտանգման,  սպանությունների և հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, մերկացվել են, այնուհետև տեսագրվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից և հրապարակվել սոցիալական ցանցերում: 
 
Նախկին ՄԻՊ Թաթոյանը՝  հօգուտ   Հռոմի ստատուտի իրավազորության անհապաղ ճանաչման և վավերացման
Միջազգային իրավունքի մասնագետները համակարծիք են՝ պատերազմական վիճակում գտնվող, Ադրբեջանի կողմից  հարձակման ենթարկված  Հայաստանը պետք է օգտագործի իրավական հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում՝ ճանաչի   Միջազգային քրեական դատարանի   իրավազորությունը՝   Ադրբեջանի նախագահին քրեական պատասխանատվության կանչելու համար: Անցյալ տարի սեպտեմբերյան ագրեսիայից հետո  ակտիվ քննարկումներ սկսեցին  մասնավորապես ՄՔԴ կանոնադրությունը  վավերացնելու շուրջ, և հօգուտ հիշյալ կանոնադրության վավերացման հանդես էր գալիս նաև նախկին ՄԻՊ  Արման Թաթոյանը։ Նրան  ժամանակին ՄԻՊ թեկնածու առաջադրած ՀՀԿ-ն, սակայն, պարզվում է, այսօր  կտրուկ դեմ է այդ  գործընթացին, այն համարում է «քաղաքական ծայրահեղ կուրություն», և ՄՔԴ-ն համարում է «քաղաքականացված մարմին»։

Արման Թաթոյանը, հիշեցնենք,  սեպտեմբերի 14-ին ֆեյսբուքյան իր եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն)  գրառման մեջ մասնավորապես նշել էր, «Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան՝ ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում: 
Ադրբեջանի նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին (առաջնահերթ) պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի: Սրանց միջազգային քրեական հետապնդումը կունենա այս շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն:  

Քանի որ հարցը հիմա հրատապ է, այս պահին կարող ենք ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, հետագայում կարող ենք նաև վավերացնել դատարանի կանոնադրությունը՝ լուծելով անհրաժեշտ պայմանները:  Դատարանի իրավազորությունը կարող ենք նաև ճանաչել ժամանակավորապես, բայց դա պետք է անել անհապաղ: Սրա համար կան բոլոր հիմքերը, և դատարանի կանոնադրությունն էլ տալիս է այդ հնարավորությունը»:

Օրեր անց՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ նախկին ՄԻՊ-ը նույնաբովանդակ մեկ այլ գրառում էր արել՝ մասնավարապես նշելով. «Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան՝ թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը: ...ՀՀ-ի դեմ ադրբեջանական շարունակվող այս զանգվածային պատերազմական հանցագործությունների պայմաններում դա պետք է անել րոպե առաջ:  Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»: Նույն օրը կատարված մեկ այլ գրառմամբ էլ Թաթոյանը փաստել էր.  «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր զինծառայողներին գնդակահարում են ադրբեջանական նորաստեղծ «Կոմանդո» հատուկ նշանակության ստորաբաժանումները: Նրանք ոչ միայն ակտիվ ներգրավվածություն են ունեցել սեպտեմբերյան էսկալացիային, այլև աչքի են ընկել վայրագություններով և ռազմական հանցագործությունների կատարմամբ:

...Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Մենք այս պնդումն անում ենք օբյեկտիվ ապացույցների հիման վրա։

...Մի բան միանշանակ է. Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան՝ թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը՝ առանց վավերացնելու»:

ԱԺ նախկին պատգամավոր, միջազգային իրավունքի մասնագետ  Տարոն Սիմոնյանը դեռևս  ս.թ. հունվարին «Հանրային հեռուստատեսության»-ը տված հարցազրույցում հայտարարել էր. «10 տարի է՝ խոսում ենք կանոնադրության վավերացման անհրաժեշտության մասին։  Մեկ տարի առաջ, մեկ օր առաջ դա պետք է արվեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք անընդհատ առերեսվում ենք ադրբեջանական ագրեսիայի, Ադրբեջանի կողմից պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետ։ Պետք է օգտագործենք   միջազգային ատյանները, այդ թվում՝ ՄՔԴ-ի ինստիտուտը, որպեսզի կարողանանք սանձել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։  2021 թվականի մայիսյան դեպքերից հետո, երբ Ադրբեջանի զինվորականները ներխուժեցին ՀՀ տարածք և կատարեցին պատերազմական հանցագործություններ, 2022թ. սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ, երբ կրկնվեցին ռազմական հանցագործությունները, նրանց նկատմամբ՝ կոնկրետ զինվորականների,  նրանց հրամանատարական անձնակազմի և ընդհանրապես նրանց հրաման տվող բոլոր անձանց նկատմամբ՝ կլինի Ադրբեջանի նախագահը, շտաբի պետը, պաշտպանության նախարարը, սպայական անձնակազմը, թե հասարակ զինվոր,  բոլորը ընկնում են դատարանի իրավազորության տակ։ Թեկուզ զինվոր ոտք չի դրել ՀՀ տարածք, բայց Ադրբեջանից, ասենք, ռումբ է ընկել ՀՀ տարածքի վրա, դա ևս համարվում է ՀՀ տարածքում կատարված հանցագործություն, և ռումբ ուղարկողը, հրաման տվողը ևս պետք է ենթակա լինեն պատասխանատվության»։ Ըստ Սիմոնյանի՝ նույնականացվել են այն անձինք, ովքեր կատարել են պատերազմական հանցագործությունները։  Նույնականացման գործընթացը շարունակվում է նաև այս ընթացքում։   
Ամփոփելով՝ նշենք, որ մասնագիտական հանրությունը կողմ է ստատուտի վավերացմանը՝ կողմ լինելու հիմքում միանշանակ  դնելով ՀՀ ազգային-պետական շահերը, Ադրբեջանին սանձելու   և  պատասխանատվության կանչելու գերխնդիրը։  

Ստատուտը վավերացնելուց հետո երբ ՀՀ-ն հայց ներկայացնի ՄՔԴ՝ դատարանը դրա հիման վրա կսկսի նախաքննության, հետաքննության, դատավարության գործընթացները։  

Հեղինե Մանուկյան