Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԽ քարտուղարը Լատվիայի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները

ՀՀ ԱԽ քարտուղարը Լատվիայի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
Քաղաքականություն
16:13, 29 март 2023
Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 29-ին հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լևրենսի, ինչպես նաև Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։ 

Քարտուղար Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ անվտանգային միջավայրի մարտահրավերները, այդ թվում Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը:

Լատվիայի գործընկերները Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու և ԵՄ առաքելությունն ամրապնդելու հարցում իրենց պատրաստակամությունն են հայտնել: