Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նախկիններն ուզում են մաքրվել «Մարտի 1»-ից՝ մի նոր «Մարտի 1» ունենալով՝ արդեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»․ Հմայակ Հովհաննիսյան

Civic.am-ի հյուրը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է։ 
Հովհաննիսյանը հորդորեց քաղաքական ուժերին, այնպես անել, որ արտահերթ ընտրությունների գլխավոր դերակատարը և դիրիժորը չդառնա Իլհամ Ալիևը։ 

 «Մեզանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մասնակից ուժերը իրենց գնահատականներում, մեկնաբանություններում վկայակոչում են ադրբեջանական աղբյուրները, մամուլը։ Սա շատ վտանգավոր բան է, և ադրբեջանցիները սա հասկացել են, և մեր ընտրությունները Բաքվի կողմից մանիպուլացվելու են։ Պատահական չէ, որ հենց նշանակվեց արտահերթ ընտրությունների օրը, Բաքուն, որ մինչ այդ խոսում էր խաղաղությունից, հաշտության պայմանագրից, հանկարծ խորացավ մեր սահմաններից ներս», - ասաց Հմայակ Հովհաննիսյանը։
 
 Ըստ Հովհաննիսյանի, սխալ էր նաև նախկինների օրակարգով շարժվելը և ռազմական դրության վերացումն ու արտահերթ ընտրությունների նշանակումը։ «Հիմա էլ հրաժարվում են գալ ուղիղ եթերում բանավեճի։ Ասում են՝ «կապիտուլյանտի, հողատուի հետ չենք գա բանավեճի»։ Բա «կապիտուլյանտի, հողատուի» հետ ինչպե՞ս եք մասնակցում ընտրություններին։ Եթե մասնակցում եք ընտրություններին, ապա պարտավոր եք գալ նաև բանավեճի, որովհետև դուք պարտավոր եք անել ամեն ինչ, որպեսզի ընտրողը կարողանա կողմնորոշվել։ Իսկ եթե դուք ցուցաբերում եք հակումներ, որ ձեզ համար կարևոր են ոչ այնքան ընտրությունները, այլ՝ հետընտրական զարգացումների հնարավորությունը, ակնհայտորեն ցուցաբերում եք այն պատկերացումը, որ դուք իրավունք ունեք օգտագործելու այս ընտրությունները որպես քող՝ բախումների կազմակերպման համար, որպես արդարցում բախումներ հրահրելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակով։ Սա մենք գիտենք։ Մենք ունեցել ենք «Մարտի 1», «Հոկտեմբերի 27»»։
 
Ըստ քաղաքագետի, այն հնարավորությունները, ազատությունները, որոնք տրված են մամուլին նախկին իշխանության ներկայացուցիչները չարաշահում են և կիրառում՝ ընդդեմ պետության։ 

«Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցով ասում էր, որ այդ հարցով պետք է զբաղվի Արցախի Հանրապետության ազգընտիր ղեկավարությունը, և մենք պետք է տանք Արցախին այդ հնարավորությունը, քանի որ Արցախը այդ հնարավորությունից ժամանակին զրկվել էր։ Բայց այս սադրիչ, թշնամական քարոզչության ազդեցությամբ նա հրաժարվեց սրանից և որպեսզի ցույց տա, որ նա հավատարիմ է Արցախին, նրան անընդհատ ստիպում էին անընդհատ հավաստիքներ տալ այդ հավատարմության մասին։ Եվ դա վիրավորական էր բոլոր հայաստանցիների համար։ Այսօր, կուսակցություններն ունեն հեռուստաընկերություններ և այս մարդիկ, ովքեր ունեն բազմաթիվ հեռուստաընկերություններ, Միշիկը, որ ստեղծել է կուսակցություններ, այս մարդիկ երկիրը տանում են քաղաքացիական պատերազմի, և այս ընտրությունները դիտում են որպես հնարավորություն՝ հրահրելու քաղաքացիական բախումներ», - ասաց Հմայակ Հովհաննիսյանը, ապա հավելեց․ «Ես երեք տարի շարունակ ասել եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է հայտնվի ճաղերի ետևում, որպես Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ, որովհետև ԱԱԾ-ի գործակալ էր Նաիրի Հունանյանը, քանի որ կան վկաներ՝ Ջհանգիրյանը և Վահան Շիրխանյանը, ովքեր տեսել են Գորիկ Հակոբյանի ձեռքին Հունանյանի անձնական գործը։ Նրան ուղեկցել են բազմաթիվ բարձրաստիճան սպաներ՝ մինչև սպանություն իրականացնելը և այս պայմանններում, երեք տարի է անցել, իսկ Սերժ Սարգսյանը ճաղերի ետևում չէ։ Նա որևէ պատասխանատվություն չի կրել և ոգևորվել է, և նրա ոգևորությունը տեսնելով, այն բանդաները, որոնք 10 տարի արգելափակել են Հայաստանի քաղաքագետների միության գործունեությունը, նորից հարձակվել են մեզ վրա»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին առանձին մասնակցելուն, Հովհաննիսյանն ասաց, որ «Մարտի 1»-ի գործով Սերժ Սարգսյանը չէր ներգրավվել նույնիսկ որպես վկա և Ռոբերտ Քոչարյանը ունի բոլոր հիմքերը՝ մտածելու, որ դա Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան պայմանավորվածություն էր։ Պայմանավորվել են, որ պատասխանատվություն կրի միայն Ռոբերտ Քոչարյանը և սա կարող էր լուրջ պատճառ դառնալ նրանց փոխհարաբերությունների սրման և նույիսկ՝ դարձնելու թշնամական։
 
 Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ միավորման առաջարկին, Հովհաննիսյանը նշեց, որ պետք էր այդպիսի հարթակ ստեղծել, բայց երբ նախագահները հավաքվում են և «կուլիսների ետևում» ինչ-որ բան են «եփում», ժողովուրդը այդ նախագահներին չի վստահում, քանի որ հասկանում է, որ այս արդյունքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երկու տարիների արդյունքն է, այլ 30 տարվա ձախողումների արդյունքը։ Հետևաբար, ըստ քաղաքագետի պետք է լիներ միասնական շտաբ՝ բոլորը միասին, մի սեղանի շուրջ։ «Ես կարծում եմ, եթե այս նախկինները, որոնք չեն ուզում դիալոգային իրավիճակ ստեղծվի, բանավեճի էլ չեն ուզում գնալ, նրանք արյուն են ուզում։ Նրանք ուզում են մաքրվել «Մարտի 1»-ից՝ մի նոր «Մարտի 1» ունենալով արդեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ», - ասաց Հմայակ Հովհաննիսյանը։
 
 
Վովա Հակոբյան