Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ միջազգային փաստահավաք խումբ ուղարկելը հնարավոր կլինի, երբ ռազմական բախումներ թույլ չտալու համար, առանց Ադրբեջանին հարցնելու, խաղաղության պարտադրման օպերացիա կիրականացվի․ քաղաքագետ

ԼՂ միջազգային փաստահավաք խումբ ուղարկելը հնարավոր կլինի, երբ ռազմական բախումներ թույլ չտալու համար, առանց Ադրբեջանին հարցնելու, խաղաղության պարտադրման օպերացիա կիրականացվի․ քաղաքագետ
Քաղաքականություն
18:52, 30 март 2023
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ «Իսկ Ադրբեջանի կողմից ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և կրկին կարևորել ԼՂ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խումբ գործուղելը: 

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասաց, որ թերահավատորեն է վերաբերվում նման հնարավորությանը, որովհետև փաստահավաք խումբ ուղարկելու համար այս պարագայում անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը, և այն շատ պարզ պատճառով՝ որովհետև միջազգային հանրությունն այդ տարածքները համարում է Ադրբեջանի մաս։

«Եվ այս պարագայում Բաքուն կարող է օգտագործել այդ հանգամանքը և իր անհամաձայնությունը հայտնել դրան։ Իմ կարծիքով՝ փաստահավաք խումբ ուղարկելը հնարավոր կլինի մի պարագայում, երբ որ միջազգային հանրությունը տեսնի, որ Բաքվի հետ որոշակի համաձայնությունների գալու բոլոր դիվանագիտական ճանապարհները սպառվել են, և որպեսզի թույլ չտա էթնիկ, մարդկանց զանգվածային իրավունքների կոպիտ ոտնահարում, որպեազի թույլ չտա ծավալուն ռազմական բախումներ՝ արդեն առանց Ադրբեջանին հարցնելու միակողմանի խաղաղության պարտադրման տրամաբանության շրջանակներում օպերացիա կիրականացվի։ Բայց կարծում եմ՝ Արևմուտքը և միջազգային հանրությունը փորձելու են  խուսափել նման սցենարներից բազմաթիվ պատճառներով»,- ասաց քաղաքագետը։ 

Խոսելով նաև ռուս խաղաղապահների պահվածքի մասին՝ քաղաքագետն ասաց, որ այն, ինչ որ տեղի է ունեցել, ամբողջությամբ տեղավորվում է վերջին շրջանում ընթացող գործընթացների տրամաբանության շրջանակներում, և մենք անընդհատ տեսնում ենք, որ ռուս խաղաղապահ ուժերի քթի տակ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ  կամ պարբերաբար իրականացնում է գործողություններ, որոնք առնվազն իրենց բնույթով նաև նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանության շրջանակների մեջ չեն մտնում, որոնք նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում պետք է դիտարկել, մյուս կողմից՝ կարող է ենթադրել, որ Ռուսաստանն օրեցօր ավելի ու ավելի դժգոհող մեսիջներ է տարածելու։ 

Հիշեցնենք, որ երեկ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներ մտցնելու հարցը ՝ «կապված վատ վերահսկողության և հայկական կողմից սահմանափակող միջոցների խախտումների հետ», ինչին արձագանքելով՝ ՀՀ ՍԱՏՄ-ն հայտարարել է, որ ՌԴ կաթնամթերքի արտահանման հետ կապված սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։  

Այս առնչությամբ էլ քաղաքագետն ասաց, որ մեծ հավանականություն կա, որ նման բաները շարունակական կլինեն։
«Չի բացառվում, որ վաղը-մյուս օրն էլ հայկական արտադրանքի մեջ «ուղեղային ցուպիկ հայտնաբերեն» ու ասեն, որ ով այդ արտադրանքից ուտում է, նրա մեջ առաջանում է հեղափոխություն անելու ցանկություն և Պուտինի ռեժիմը փոխելու մտադրություն։ Կարող են խնդիրներ առաջանալ նաև միգրանտների հետ կապված, կարող է՝ մեկ էլ մի օր պարզեն, որ նրանք բոլորը մի օր, չգիտես ինչու, օրենքներ են խախտել, միգրացիոն քաղաքականություն են խախտել. Ռուսաստանում աշխատող հայերի մասին է խոսքը։ Հնարավոր է պարբերաբար Լարսի անցակետի հետ կապված խնդիրներ առաջացնեն, կարող են նաև այլ խնդիրներ լինել. Ռուսաստանի իշխանությունների ֆանտազիան այս առումով անսահմանափակ է»,- ասաց քաղաքագետը։  

Ինչ վերաբերում է մեր անվտանգային հարցերին, քաղաքագետն ասաց, որ մենք չգիտենք, թե իրականում ինչ է արվում, ինչ է խոսվում տարբեր գործընկերների հետ մեր համակարգն ուժեղացնելու առումով։ Նա ենթադրում է, որ արվում է հնարավորը, որպեսզի այդ բոլոր ռիսկերը՝ կապված նաև մեր նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի հետ, չեզոքացվեն։ 

Միևնույն ժամանակ քաղաքագետն այստեղ մեկ այլ խնդիր էլ է տեսնում. նա կարծում է, որ, այնուամենայնիվ, մենք չենք կարող լիարժեք անվտանգային առումով աջակցություն ստանալ, քանի դեռ մնում ենք ՀԱՊԿ-ում, քանի դեռ Ռուսաստանի հետ ֆորմալ առումով պահպանում ենք այն հարաբերությունները, որոնք մենք ավանդաբար ունեցել ենք, որոնք մենք ստացել ենք որպես ժառանգություն նախկին իշխանություններից։ 

«Այնպես որ, սա իսկապես լուրջ խնդիր է, և հավանաբար միջազգային գործընկերների հետ պետք է ավելի սերտ ու ավելի անկաշկանդ խոսել, թե այնուամենայնիվ մենք ինչ կարող ենք այս պարագայում ակնկալել և այնպես չանել, որ հիմա էլ հայտնվենք Ռուսաստանի ուղիղ թիրախում և, Ադրբեջանի հետ խնդիրները դեռևս չլուծած, հիմա էլ ուղղակիորեն Ռուսաստանի կողմից տարատեսակ հարձակումների ենթարկվենք՝ հիբրիդային պատերազմի տրամաբանության շրջանակներում։ Թեև ես հասկանում եմ, որ այստեղ թափանցիկությունը շատ բարդ է ապահովելը, բայց ես կողմ եմ նրան, որ առնվազն փակ ռեժիմով այսպիսի հարցերի վերաբերյալ ինչ-որ լայն հանդիպումներ տեղի ունենան՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իշխանությունների ներկայացուցիչների և միջազգային հանրության տարբեր ինստիտուտների ներկայացուցիչների միջև։ Եվ այս քննարկումները, այդ մտքերի փոխանակումը, ինֆորմացիայի փոխանակումը, միգուցե այդ ամեն ինչը նպաստի նրան, որ մեր իմունիտետն ավելի ամրապնդվի»,- եզրափակեց քաղաքագետը։  

Լիլիթ Թադևոսյան