Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չոբաններին հարցրեք՝ շան պոչը կտրում են միանգամից, ոչ թե օրը կես սանտիմետր. Ռուբեն Մեհրաբյանը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին

Երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ «Իսկ Ադրբեջանի կողմից ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և կրկին կարևորել ԼՂ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խումբ գործուղելը: 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ, որն ասաց, որ փաստահավաք առաքելության գալու հնարավորությոնը կա, բայց դրա համար անհրաժեշտ է մի քանի պայմանների բավարարում։ Եվ այստեղ Հայաստանն անելիք ունի, որն այդքան էլ լավ չի անում։  

«Դուք ասում եք՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, դա ընդամենը ռուսական ներկայության անպատասխանատվության գոտին է, և մենք մեր հետագա քայլերը պետք է կառուցենք դրանից ելնելով։ Հետևապես մենք պետք է ելնենք այն դրույթից, որ Ռուսաստանն այնտեղ ոչ թե պրոբլեմի լուծում է, այլ պրոբլեմ, որը պետք է լուծել։ Առանց դրա ցանկացած խոսակցություն միջազգային ներկայության մասին ԼՂ-ում միայն դեկլարատիվ բնույթի է կամ իմիտացիա, կամ ինքնախաբեություն և որևէ գործնական օգնություն չխոստացող խոսակցություն, եթե չենք որոշակիացնում մեր հարաբերություններն ընդհանրապես ռուսական ներկայություն ասվածին՝ լինի դա ԼՂ-ում, լինի Հայաստանում։ Իսկ Հայաստանից առժամանակ դուրս են գալիս խիստ երկիմաստ ազդակներ, և միջազգային հանրությունը, որին մենք հաճախ դիմում ենք մեր պրոբլեմների հետ կապված, ստանում է այդ երկիմաստ ազդակները, և իր հարցը մնում է անպատասխան։ Այստեղ հարցը հետևյալնէ, որ մենք հասկանում ենք՝ դուք ինչ պրոբլեմ ունեք, բայց մենք չենք հասկանում՝ դուք ինչ եք ուզում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ 

ՀՀ ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղու հատվածում ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին և նշել, որ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում: Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: Խոսելով սրա մասին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ դա անում են, որովհետև կան պայմաններ նման բան անելու համար, և Ադրբեջանն առաջնորդվում է մի տրամաբանությամբ՝ քանի չկա խաղաղության համապարփակ պայմանագիր, «քերել առավելագույնը, ինչը կարելի է քերել»։  

«Իսկ ռուսական ներկայությունը այն ջերմոցն է, որի մեջ աճում է այս թունավոր մոլախոտը։ Այդ ջերմոցը պետք է հանել, և Ադրբեջանը չի կարող իրեն այս ձևով պահել ռուսական ներկայության այդ տիրույթից դուրս։ Ռուսները, որ ոչինչ չեն կարողանում անել, չեն կարողանում մեզ համար, իրենց համար ամեն ինչ կարողանում են»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։   
 
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովի այն  հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ ինքն այսպիսի հայտարարությունների ծագման համար նույնպես Հայաստանի իշխանության մեղավորությունն է տեսնում։
Հարցին, թե մենք ունե՞նք հնարավորություն՝ կտրուկ դուրս գալու ՀԱՊԿ-ից, այլ ոչ թե ժամանակի ընթացքում, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Չոբաններին հարցրեք՝ շան պոչը կտրում են միանգամից, ոչ թե օրը կես սանտիմետր»։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան