Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քոչարյանին և Սարգսյանին, թեկուզ նոր պատերազմի գնով, իշխանություն է պետք, որ նորից երկիրը սարքեն ճորտատիրական երկիր»․ Գագիկ Մելքոնյան

Civic.am-ի հյուրը գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն է։ 

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ իր համակիրների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերին, որ պետք է բանակը «թյարազուի» բերել, իսկ ԱԱԾ-ն չպետք է զբաղվի քաղաքական հետապնդումներ իրականացնելով, Մելքոնյանն ասաց, որ ով էլ ընտրվի, պետք է բանակը վերազինի, կարգի բերի, և սա միանշանակ է, իսկ ինչ վերաբերվում է ԱԱԾ-ին, ըստ Մելքոնյանի, այն, ինչով զբաղվել է միշտ, դրանով էլ հիմա է զբաղվում։ 

 «Մեր երկրում Քոչարյանի օրոք էլ, դրանից հետո էլ ԱԱԾ-ն երբեք չի զբաղվել լրտեսներով, այլ զբաղվել է տնտեսական հանցագործություններով և նաև ծառայել է իշխանություններին։ Քոչարյանի ժամանակ, եթե որևէ մեկը մի խոսք ասեր իշխանություններին՝ ԱԱԾ-ն այդ մարդկանց կկալանավորեր։ Հիմա մարդիկ փողոցներում հայհոյում են վարչապետին, իր ընտանիքին, քանի՞ մարդ է կալանավորվել ԱԱԾ-ի կողմից։ Եթե ԱԱԾ-ն մի բան էլ արել է, ապա 4-5 ժամ հետո բաց են թողել այդ մարդկանց։ Ես քաղաքական հետապնդում չեմ տեսնում հիմա ԱԱԾ-ի կողմից, որովհետև եթե նման բան լիներ, ապա այդ մարդկանցից որոշները գոնե կալանավորված կլինեին։ Պատկերացրեք Քոչարյանի ժամանակ մի 10-15 հոգի հայհոյեին Քոչարյանին, ի՞նչ կլիներ։ Այլևս երբեք չէինք տեսնի այդ մարդկանց, թե ինչ կկատարվեր այդ մարդկանց հետ։ Թող ինքը համեմատական անցկացնի, թե իր ժամանակվա ԱԱԾ-ն ի՞նչ կաներ այդ մարդկանց ու հիմա՝ ինչ է անում», - ասաց Գագիկ Մելքոնյանը։
 
 Մելքոնյանը նշեց նաև, որ Բանակը, ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ներգրավված են եղել մարտի 1-ի իրադարձություններին։ «Բոլոր ուժային կառույցները ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում։ Բոլորս գիտենք, թե ինչ տեղի ունեցավ։ Առավոտ լուսադեմին հարձակվեցին քնած քաղաքացիների վրա՝ ջարդեցին, փշրեցին, տեղահան արեցին, հետո դրան հետևեց 10 մարդու սպանությունը Երևան քաղաքի կենտրոնում, որին մասնակցում էր բանակը, ներքին զորքերը, նաև՝ ԱԱԾ ստորաբաժանումները։ Իրենք կատարել են քաղաքական ղեկավարության հրամանը», - նշեց Մելքոնյանը։
 
 Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարաությանը, թե 30 տարի Ադրբեջանը ռիսկ չի արել ինչ-որ բան անել, Մելքոնյանն ասաց․ «Երեսուն տարի մենք մենակ ասել ենք, թե թող փորձեն հարձակվել, բայց այդ տարիներին մենք կարգին սպառազինություն չենք ունեցել։ Ունեցել ենք հիմնականում ռուսական տեխնիկա, որոնք արդեն դուրս գրելու ենթակա են եղել, էժան գներով տվել են մեզ։ Երբ 1994 թվականին Ադրբեջանը պարտվեց, լռելով սկսեց զինվել։ Երբ Ադրբեջանը 5 միլիարդ դոլարի զենք էր գնում Ռուսաստանից, ռուսներն ասում էին․ «մեր ապրանքն է՝ ծախում ենք», Սերժ Սարգսյանն ասում էր․ «Դե իրենց ապրանքն է՝ ծախում են, հո մենք չե՞նք կարող իրենց ասել՝ մի ծախեք», բայց չէ՞, որ դա վաճառվում էր մեր դեմ, այդ զենքով սպանվեց մեր զինվորը։ Մենք ինչու՞ չկարողացանք այնպես անել, որ այդ զենքը չվաճառվեր։ Հիմա մենք պարտվել ենք պատերազմում և փոխարենը ձայններս կտրենք ու սկսենք կամաց-կամաց զինվել, մենք ոչ միայն չենք լռում, այլ ընդհակառակը՝ երկիրը ներսից քանդում ենք։ Իրենց քարոզարշավների ժամանակ ամբողջ դարդ ու ցավը Փաշինյանն է»։
 
 Մելքոնյանը, պատասխանելով Սերժ Սարգսյանի այն քննադատությանը, որ Հայաստանը ՌԴ հետ հարաբերություններում չի պահել իրեն դաշնակցի նման և այդ պատճառով Ռուսաստանը մեզ ռազմատեխնիկական օժանդակություն չի տրամադրել, ասաց․ «Երբ 1828 թվականին մենք բարեկամացանք Ռուսաստանի հետ, Հայաստանը մոտ 100 հազար քառակուսի կիլոմետր էր, հիմա մենք ունենք 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք, այսինքն մեր երկրի 70 տոկոսը նվիրվել է թուրքին՝ ի՞նչ է մնացել, որ պետք է անեինք Ռուսաստանի համար, որ չենք արել։ 

 «Գույք պարտքի դիմաց» ծրագրով երկիրը տվել ենք Ռուսաստանին, տվել ենք երկաթգիծը, օդը, կապը, էներգետիկ պաշարները, էլ ի՞նչ է մնացել։ Նույնիսկ Իրանից եկող գազը, որ բերեցինք, մտածում էինք, որ կլինի այլընտրանք, դա էլ տվեցին ռուսներին։ Դա էլ հո ներկա իշխանությունը չի՞ տվել։ Թող ասեն պետական ի՞նչ է մնացել, դա էլ տանք ռուսներին՝ իրենց սրտով լինի։ Մենք միշտ կատարել ենք մեր դաշնակցային պարտավորությունները, բայց իրենք՝ ոչ։ Երբ Արցախում պատերազմ էր՝ ազգովի  խնդրում էինք, որ ռուսները մեզ օգնեն, ռուսներն էլ ասում էին․ «Մենք իրավունք չունենք, որովհետև  Արցախի մասով մենք պայմանագիր չունենք, այ եթե հարձակվեն Հայաստանի վրա, ապա մենք մեր պայմանագրային պարտավորությւոնները կկատարենք»։ Հիմա թուրքը մտել է մեր սահմաններից ներս։ Ի՞նչ է անում ռուսը, ասում է՝ պետք նստեք իրար հետ խոսեք և ուրիշ պայմաններ է թելադրում»։
Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Գագիկ Մելքոնյանն ասաց, որ հույսը  պետք է դնենք ինքներս մեզ վրա։ «Կողքից բզիկ-բզիկ են անում, որ կրակոցներ լինեն, պատերազմ սկսվի, ինչը դառնա առիթ, որ թուրքը նորից մտնի մեր հողը։ Իսկ Քոչարյանի և Սարգսյանի ամբողջ նպատակը դա է, որ պատերազմ սկսվի, Հայաստանն էլ տանք ու պրծնենք։ Թող փնովելու փոխարեն ասեն՝ այ այս գործողությունները կատարեք, այս գորոծողությունները կատարենք միասին, թշնամու դեմն առնենք։ Իրենք ամեն ինչը բարդում են ներկա իշխանությունների վրա, բա իրենք անելիք չունե՞ն, կամ ղարաբաղյան պատերազմում անելիք չունեի՞ն, թե՞ իրենց մենակ Հայաստանի իշխանությունն է պետք, որ նորից իշխանությունը գրավեն ու այս երկիրը նորից սարքեն ճորտատիրական երկիր։ Իրենց նպատակը սա է», - ասաց Մելքոնյանը։
 
 Անդրադառնալով Սերժ Սարգսյանի քննադատությանը, որ այս իրավիճակում իշխանությունը քարոզարշավ է իրականացնում, Մելքոնյանը նկատեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը նույնպես քարոզարշավ են իրականացնում։ «Իրենք իրենց արածը չեն տեսնում, կողքից ուրիշինը լավ է երևում։ Բայց իրենց արածը ոչ միայն քարոզարշավ է, այլ այդ քարոզարշավը իր մեջ պարունակում է նաև դավաճանություն։ Հենց այդ կրակելու կոչերը դավաճանական քարոզ է։ Կրակելու դեպքում պատերազմ է սկսվելու, պատերազմից ո՞վ է տուժելու՝ Հայաստանը»։
 
 Անդրադառնալով «Ղարաբաղի պատերազմի վետերանների միության» հայտարարությանը, որ սատարում են Ռոբերտ Քոչարյանի  «Հայաստան» դաշինքին, Մելքոնյանն ասաց․ «Փողը տեղ է հասել։ Փողը հասել է տղեքին և արդեն միանում են Քոչարյանին։ Այդ տղերքը, թող գնան սահմանին կանգնեն, երկիրը պահեն, որ իշխանությունները այդ տարածքները չծախեն։ Թող ասեն՝ եկել ենք, ստեղ կանգնենք, որ հանկարծ այս իշխանությունները այս տարածքները չծախեն»։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
Վովա Հակոբյան