Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ
Քաղաքականություն
21:29, 03 июнь 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները, սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Վերլուծելով արդեն իսկ իրականացված ծրագրերը՝ կարևորվել է համատեղ ջանքերի շարունակական ներդրումը ոլորտի զարգացման գործում։

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար․ «Ուշադրությամբ հետևում եմ վերջին շրջանում ՀՀ հարավային շրջաններ կատարած Ձեր այցերին․ հատկապես բարձր եմ գնահատում այցը Սյունիք՝ տեղում ծանոթանալու և գնահատելու իրավիճակը։ Կարծում եմ՝ եվրոպական քաղաքակրթությունը կրող պաշտոնատար անձանց ներկայությունն այնտեղ խիստ կարևոր է և գնահատելի՝ իրավիճակին անաչառ գնահատական տալու տեսանկյունից»։

Նախարարի պաշտոնակատարը, ի թիվս արցախահայության աջակցության ծրագրերի, ներկայացրել է նաև նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ Միասնական սոցիալական ծառայության, անկախ կյանքի կենտրոնների ստեղծման, սոցիալական բնակարաշինություն ծրագրերի և մի շարք այլ հարցերի առնչությամբ։

Համակարծիք լինելով նախարարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ դեսպան Անդրեա Վիկտորինը նախանշել է հետագա համագործակցության հնարավոր տարբերակները։ Դեսպանը վերահաստատել է պատրաստակամությունը ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։