Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ռազմագերիների դատավարության համար Ադրբեջանի իշխանությունները կենթարկվեն պատասխանատվության․ Վլադիմիր Վարդանյան

Հայ ռազմագերիների դատավարության համար Ադրբեջանի իշխանությունները կենթարկվեն պատասխանատվության․ Վլադիմիր Վարդանյան
Քաղաքականություն
13:09, 04 июнь 2021
«Այն բոլոր մարդիկ, ովքեր համարում են, որ Հայաստանում պետական համակարգը գնում է «На нет», այսինքն պետության կործանում են ակնկալում կամ ցանկանում՝ ասեմ թող զինվեն համբերությամբ, որովհետև նման բան չի լինելու»,- այսօր ԱԺ ամբիոնից այսպես սկսեց իր ելույթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ 

Նա հարց ուղղեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանին․ «Պրն Աբովյան, վերջին անգամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ե՞րբ են մասնակցել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, խորհրդի նիստերին ե՞րբ եք մասնակցել։ Ես ուզում եմ, որ լրատվամիջոցները ոչ միայն ԱԺ ամբիոնը ցույց տան, այլև դահլիճը, որ ժողովուրդը հասկանա ո՞վ է աշխատում Ազգային ժողովում և ո՞վ է ժամանցով զբաղվում»։ 

Վլադիմիր Վարդանյանն անդրադառնալով ԲՀԿ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ Բաքվում դատապարտվող 14 ռազմագերիների վերաբերյալ ելույթին՝ նշեց, որ անկախ պատգամավորն իր ելությով ևս մեկ անգամ հաստատեց, որ Ադրբեջանը ահաբեկչական, ռասիստական պետություն է, սակայն նմանաբնույթ ելույթները պետք է հնչեն ԵԽԽՎ ամբիոնից․ «Ձեր ասածը ոչ թե այս ամբիոնից պետք է հնչի, այլ իրար հետ կգնանք ԵԽԽՎ՝ այնտեղ կհնչեցնենք, որովհետև խոսքը վերաբերում է մի պետության, որը տարբերվում է ԴԱԻՇ-ից՝ իսլամական պետությունից միայն մեկ բանով, որ ցավոք ճանաչված է և հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ, դեռ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում ընթացող հայ ռազմագերիների դատավարություններին՝ իհարկե դա խայտառակություն է և ցանկացած քաղաքակիրթ մարդ այդ դատավարությունները համարում է ֆարս և դրա համար էլ Ադրբեջանի իշխանությունները կենթարկվեն պատասխանատվության»։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը մեկ անգամ ևս ընդգծեց, որ այդ դատավարությունների ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիները շարունակում են ունենալ ռազմագերու կարգավիճակ և այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներից պետք է օգտվեն, բայց դա ներպետական սպառման խնդիր չէ, այլ դա դրսում բարձրաձայնելու հարց։