Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանն իրեն չի «ճղել». Գյումրին առ այսօր էլ աղետի գոտի է. Նրա հրապարակած թվերը անհեթեթություն են․ 1in.am

Քոչարյանն իրեն չի «ճղել». Գյումրին առ այսօր էլ աղետի գոտի է. Նրա հրապարակած թվերը անհեթեթություն են․ 1in.am
Քաղաքականություն
14:01, 04 июнь 2021
Մայիսի 31-ին Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը բավական ուշագրավ հայտարարություններ է արել։

Քոչարյանը հայտարարել է որ աղետի գոտում այդ տարիներին մոտ 20 հազար ընտանիք նոր բնակարան է ստացել, բարելավել են էապես իրենց վիճակը։ Քոչարյանը նաև հայտարարել է, որ մի հատ չկատարած խոստում չունի. «Հիմա մտածում եմ՝ խի՞ էի ինձ տենց ճղում, կարելի է հանգիստ չանել, տարվա վերջում ժողովրդին ասել՝ ձեզ սիրում եմ, ձեր ցավը տանեմ ու ջրվում, գնում է: Սա պետք է կարողանանք հաղթահարել»,-ասել է նա։

Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի ասած 20 հազար բնակարանը իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ Գյումրու 100-120 հազար բնակչությունը առավելագույնը 40 հազար ընտանիք է, այդքան տուն, բնակարան: Եվ եթե որևէ մեկն ասում է, թե իր օրոք 20 հազար բնակարան է կառուցվել, ապա դա բացարձակ անհեթեթություն է: Դա Գյումրու բնակֆոնդի գրեթե կեսն է:

Ըստ Բարսեղյանի՝ 2002-2003 թվականներին 2400 բնակարան է շահագործման հանձնվել, այն էլ Լինսի հիմնադրամների միջոցներով կառուցված: Քրք Քրքորյանի հետ բնակարանների կառուցման մեկնարկային պայմանավորվածությունը ձեռք էր բերել Լևոն Տեր-Պետրոսյանը 1997 թվականին և հետո այդ պայմանավորվածությունը վերածվել էր Լինսի հիմնադրամի հետ համագործակցության և արդեն 2002-2003 թվականներին մոտ 2400 բնակարան է նորոգվել, կառուցվել և շահագործման հանձնվել. «Հենց դրանից հետո հայտարարվեց, որ չկա աղետի գոտի, կա զարգացման գոտի և բոլոր անօթևանները բնակարաններով ապահովվել են: Այդ հայտարարությունը արվել է, երբ Քոչարյանը զբաղեցնում էր նախագահի պաշտոն: Բայց այդ ժամանակ մենք ակնհայտորեն տեսնում էինք, որ անօթևանություն կա և ոչ միայն Գյումրիում, սակայն Երևանից բերվող իշխանական լրատվամիջոցները դրա մասին չէին խոսում: Խոսվում, նկարահանվում էր միայն նոր հանձնվող բնակարանները: Իսկ արդեն 2008-ին, երբ իշխանության եկավ Սերժիկ Սարգսյանը, նա հայտարարեց, որ բոլոր անօթևաններին բնակարանով է ապահովելու: Եվ այդ ժամանակ բոլորի մոտ հարց էր առաջացել, թե իր ընկերոջ կողմից հայտարարվել էր, որ անօթևանության հարցը լուծվել է, հիմա ինչպե՞ս է ինքը հայտարարում, թե անօթևանների հարցը կլուծի: Հետո արդեն Սերժիկ Սարգսյանի օրոք բնակարանաշինության աշխատանքներ կատարվեցին, բայց շատ վատ, խոստացվածից քիչ, կոռուպցիոն գործարքների միջոցով, մեկ լոտով, առանց մրցույթի: Մոտ 2000 բնակարան էլ այդ ժամանակ հանձնվեց»,-ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծվեց աղետի գոտու տարածքում ժամանակավոր կացարանների, տնակների հաշվառման և հետագայում դրանք վերացնելու աշխատանքյաին խումբ, որը ուսումնասիրել ու հաշվարկել է 3500- ական ժամանակավոր կացարան և ապօրինի կառույց Շիրակի և Լոռու տարածաշրջանում: Մի քանի տասնյակ էլ՝ Արագածոտնի մարզում: Այսինքն 7000-ից ավելի ժամանակավոր կացարան, որոնցում 5-6 հազար ընտանիք դեռ անօթևանի կարգավիճակ ունեն: «Քոչարյանի ասածները չի համապատասխանում իրականությանը: Այդ թվերը, որոնք հիմա հրապարակում են, բազմապատիկ ավել են այն ժամանակ իրենց հրապարակած թվերից: Թվերը չափազանցված են: Գուցե հիմա իրեն հարմար չէ դա հիշել: Շատ հավանական է, որ այդ ժամանակ մարդը իրեն իսկապես ճղել է, համարել է, որ դա իր առավելագույնն է: Բայց մի բան պարզ է, որ աղետի գոտին հիմա էլ շարունակում է մնալ աղետի գոտի: Ով չի հավատում կարող է գալ Գյումրի, նստեցնեմ իմ մեքենան ու տանեմ ցույց տամ այն ընտանիքներին, որոնք 2003-2004, 2005 թվականներին ևս ապրում էին տնակներում: Քոչարյանի ասածները հին ադարացումներ են: Հիմա ասել, թե աղետի գոտու հարցը իրենք լուծել էին, ճղել են իրենց և այլն, անտեղի է: Եվ հետո ճղվել պետք չէր: Հարկավոր էր պարզապես ավելի լավ աշխատել և ավելի ու ավելի ուշադիր լինել, որովհետև Գյումրու տնակներում ապրող քաղաքացին էլ է քաղաքացի, կղզիներ գնած քաղաքացին էլ է քաղաքացի»- ասաց Բարսեղյանը:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ նախընտրական ինչպիսի՞ մթնոլորտ է Գյումրիում, գյումրեցիները, որոնք նախկին բոլոր ընտրություններին առանձնացել են իրենց դիրքորոշմամբ, հիմա ինչպես են դիրքավորված, Բարսեղյանը պատասխանեց. «Գյումրեցիները նախկինում կարողացել են պետության զավթարար իշխանություններին ավելի քիչ քվե տալ, չենթարկվել ճնշումների, բռնությունների, ահաբեկումների: Հիմա կարող եմ ասել, որ քաղաքացիները անհամեմատ ազատ են իրենց կամարտահայտման, հրապարակային խոսքում: Ենթադրում եմ, որ այդպես էլ քվեարկելու են և ահաբեկչությունը ճնշումները որևէ արդյունք չեն տալու: Ով էլ լինի ճնշում բանեցնելու փորձեր անողը, շատ տխուր բան է լինելու իրենց հետ: Եթե ավելի կոպիտ չարտահայտվեմ՝ հանելու ենք մայրուղի, որը Գյումրի- Երևան մայրուղին է»:

Աղբյուր՝ 1in.am