Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նախընտրական պաստառների մասով ԿԸՀ գործառույթը դրանք ասոցացվող ճանաչելն է․ դրանք հանելու գործառույթը վերապահված է ՏԻՄ-երին»․ Տիգրան Մուկուչյան. Տեսանյութ

«Նախընտրական պաստառների մասով ԿԸՀ գործառույթը դրանք ասոցացվող ճանաչելն է․ դրանք հանելու գործառույթը վերապահված է ՏԻՄ-երին»․ Տիգրան Մուկուչյան. Տեսանյութ
Քաղաքականություն
17:04, 04 июнь 2021
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում 5 քառակուսի մետրը գերազանցող պաստառները կարող են փակցվել նախօրոք բաշխված վահանակների վրա։ «Մենք իրականացրինք վահանակների բաշխումը, սակայն, քանի որ մինչ այդ Երևան քաղաքում, մարզերում և միջպետական ճանապարհների վրա կային փակցված տարաբնույթ պաստառներ, այդ պաստառների մասին նախ հանդես եկանք հրապարակային հայտարաությամբ, ըստ որի, բոլոր այն պաստառները, որոնք կճանաչվեն նախընտրական քարոզչության հետ ասոցացվող, օրենքի պահանջներին համապատասխան ենթակա են հանման, որովհետև այդ պաստառները կարող են լինել միայն նախապես բաշխված վահանակների վրա։ Այդ կապակցությամբ ԿԸՀ-ն ստացել էր տարատեսակ էսքիզներ, և այդ բոլոր էսքինզների հետ կապված կայացրել էր առանձին որոշումներ, գտնելով, որ դրանք համարվում են նախընտրական քարոզչության հետ ասոցացվող։ 5 քառակուսի մետր մակերեսը գերազանցող ինչպիսի պաստառներ որ կարողացել ենք հայտնաբերել, որոնք ասոցացվում են, դրանց վերաբերյալ միանշանակ եղել են որոշումներ։ Ցանկացած նման այլ կերպ հայտնաբերելու դեպքում վստահեցնում եմ, որ նույնպես դառնալու են քննարկման առարկա։ ԿԸՀ գործառույթը այս մասով, դրանք ասոցացվող ճանաչելուն է վերաբերում։ Այսինքն, եթե դրանք ճանաչվում են ասոցացվող, հետագայում արդեն ՏԻՄ-երը, որոնց վերապահված է լիազորություն հանել նման պաստառները, նրանք պետք է քարոզարշավի մեկնարկին հանեն հիշյալ պաստառները», - ասաց Տիգրան Մուկուչյանը։

Մուկուչյանը նշեց, որ արգելքը սկսելու է գործել քարոզարշավի մեկնարկի օրվանից, ինչը նշանակում է, որ մինչ այդ, այդ պաստառները կարող էին փակցված լինել ցանկացած վայրում, դրա համար ԿԸՀ-ն իր որոշումը կայացրեց մայիսի 31-ին, որպեսզի բոլոր սուբյեկտները, ում նկատմմաբ որոշումներ են կայացվել, բավարար ժամանակ ունենան ցանկության դեպքում վիճարկել այդ որոշումները։ Մուկուչյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքը հայցով դիմել է դատարան։ «Հայցվորների կարծիքով ԿԸՀ որոշումը ոչ իրավաչափ է։ ԿԸՀ-ն երեկ ստացել է հայցադիմումը, պատրաստել է հայցադիմումի պատասխան, գրավոր պատասխանը ներկայացված է դատարան, դատարանի կողմից պահանջված վարույթի նյութերը բոլորը տրամադրվել են դատարանին, այսինքն մեր տեսակետը ամբողջական ծավալով ներկայացվել է դատարանին։ Իսկ մեր ներկայացուցչի անձամբ չմասնակցությունը նիստին պայմանավորված է եղել մեկ հանգամանքով, որ այս օրերին հանձնաժողովը ամբողջ կազմով ներգրավված է եղել ամենատարբեր աշխատանքներում», - ասաց Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը դժվարացավ ընտրություններին մասնակցության ակտիվության մասին տեսակետ արտահայտել, և ժամանակավրեպ համարեց մասնակցության վերաբերյալ դատողություններ անել։

Մուկուչյանը նշեց, որ Հանձնաժողովը աշխատում է բացառապես Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։

«Քարոզարշավի մեկնարկին մենք հանդես կգանք համապատասխան կոչով՝ ուղղված բոլոր թեկնածուներին, որովհետև մենք ևս խիստ կարևորում ենք, որ քարոզարշավի ընթացքում պահպանվեն Ընտրական օրենսգրքի բոլոր կանոնակարգումները բոլոր սուբյեկտների կողմից։ Իհարկե հետևելու ենք քարոզարշավի ամբողջ ընթացքին և ցանկացած օրենքի խախտում հայտնաբերելու պարագայում արձագանքը լինելու է շատ արագ, շատ օպերատիվ և ԸՕ-ին լիարժեք համապատասխան», - ասաց Մուկուչյանը։

Մուկուչյանը նշեց, որ ինքնաբացարկի դիմումները մասնակից ուժերը կարող են ներկայացնել քվերակության օրվանից մինչև տասը օր առաջ։ 

Մուկուչյանը նաև նշեց, որ մոտ 70 մլն քվեաթերթիկ է տպագրվելու, իսկ դա նշանակում է մոտավորապես 460 մլն դրամի ծախս՝ միայն տպագրության համար։

ԿԸՀ նախագահը նշեց, որ բոլոր ընտրական գործընթացները, որոնք կազմակերպվել են այն ժամանակ, երբ վերջինս եղել է ԿԸՀ նախագահ առաջնորդվել են բացառապես ՀՀ ԸՕ-ով։

Տեսանյութն՝ այստեղ