Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Դաշնակցությունը «տեսակետ չի ձևավորել» ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու հարցում

Արցախի Դաշնակցությունը «տեսակետ չի ձևավորել» ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու հարցում
Քաղաքականություն
13:12, 19 февраль 2021
Արցախի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը դեռևս չի ձևավորել տեսակետ Արցախում ռուսերենը որպես պաշտոնական լեզու ընդունելու հարցում։ Այս մասին  Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ Վահրամ Բալայանը։ 

«Մեր  խմբակցությունում դեռևս քննարկումներ են ընթանում այդ նախագծի շուրջ, երեկ էլ ենք քննարկել ռուսերենը Արցախում պաշտոնական լեզու ընդունելու հարցը, բայց դեռևս տեսակետ չենք ձևավորել»,-հավելեց նա։ 

Նշենք, որ Արցախի Ազգային Ժողովը շրջանառության է դրել  «Լեզվի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագիծը։ Ըստ նախագծի հայերեն լեզվին զուգահեռ պաշտոնական լեզու է համարվելու նաև ռուսերենը։ Նախագծի ընդունման դեպքում՝  հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակություններ կլինեն, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականություն կստեղծվի, օրենքը կտարածվի նաև ԶԼՄ-ների վրա։  

Ավելի վաղ Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը որպես նախագծի համահեղինակ մեզ հետ զրույցում հետևյալ կերպ էր հիմնավորել ռուսերենը որպես պաշտոնական լեզու դարձնելու անհրաժեշտությունը․ «Պատերազմը ցույց տվեց, որ տարածաշրջանում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք թույլ չեն տալիս Արցախի և Հայաստանի սեփական ուժերով ապահովել հայ ազգի անվտանգությունը։ Մենք մի քիչ ուրիշ տեսանկյունից պետք է նայենք, թե՛ խաղաղապահների առկայությանը, թե՛  Ռուսաաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների կառուցմանը։ Այսօր պետք է նայենք իրավիճակին և կարողանանք հասկանալ, թե ով է երաշխավորը մեր անվտանգության և մեր երկու հայկական պետությունների անկախության»։

Իսկ նույն նախագծի համահեղինակ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ շեշտել էր, որ նախագծով ստորադասվում է հայերեն լեզուն, և եթե նախագիծը փոփոխության չենթարկվի, ինքը կհրաժարվի համահեղինակ լինելուց։ 


Նարա Մարտիրոսյան