Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միայն 2019-ին Հայաստանը ստացել է վերջին 10 տարվա սպառազինության մատակարարումների 62,3%-ը. SIRPI

Միայն 2019-ին Հայաստանը ստացել է վերջին 10 տարվա սպառազինության մատակարարումների 62,3%-ը. SIRPI
Քաղաքականություն
19:59, 04 июнь 2021
Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIRPI) հրապարակման համաձայն՝ 2011-2020 թվականների ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 3 մլրդ 274 մլն դոլարի սպառազինություն, իսկ Հայաստանը՝ 398 մլն դոլարի։ Ըստ կենտրոնի՝ հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը իրականացվել են 2018 թվականից հետո՝ 2019-ին. միայն այդ տարի Երևանը ներմուծել է 248 մլն դոլարի սպառազինություն կամ տասը տարվա ընթացքում ներմուծվածի 62,3%-ը։

SIPRI-ի փորձագետների տվյալների համաձայն՝ 2011-2020 թթ. ընթացքում Ադրբեջանին մատակարարած սպառազինության 60,1%-ը եկել է Ռուսաստանից, 26,6%-ը ՝ Իսրայելից, 7,1%-ը ՝ Բելառուսից, 2,9%-ը՝ Թուրքիայից, այլ երկրներից՝ 3,3 %։

Հայաստանի պարագայում ևս Ռուսաստանն է հիմնական մատակարարը: Սպառազինությունների ներմուծումների 93,7%-ը Հայաստանը իրականացրել է Ռուսաստանից, 5,3%-ը ՝ Հորդանանից, իսկ 1%-ը՝ Ուկրաինայից:

SIPRI-ի համաձայն՝ 2011-2020 թթ. Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ 2016-ին Մոսկվան Երևանին փոխանցել է «Իսկանդեր» հրթիռային համալիրներ՝ 300 կմ հեռահարությամբ, որոնցից առնվազն մեկը Հայաստանը կիրառել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ 2016-2017 թթ. Ռուսաստանը մատակարարել է համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգեր, որոնք նույնպես կիրառվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ 2019-ին Ռուսաստանից ստացվել են Սու-30 СМ չորս կործանիչներ:

Նույն ժամանակահատվածում Կրեմլը Ադրբեջանին մատակարարել է հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, տրասնպորտային և հարվածային ուղղաթիռներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանի։ Բոլոր այս զինատեսակները, ըստ հրապարակման, կիրառվել են հայկական ուժերի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։