Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր թեմա է եկել, որ ձեզնից ստանանք թավշե մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը և պողպատե մանդատով ուղղենք մեր երկրի ողնաշարը. Նիկոլ Փաշինյան

Նոր թեմա է եկել, որ ձեզնից ստանանք թավշե մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը և պողպատե մանդատով ուղղենք մեր երկրի ողնաշարը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
15:32, 05 июнь 2021
Այսօր` հունիսի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբովյան քաղաք` հանդիպելու իր համակիրներին: «Նոր թեմա է եկել, որ ձեզնից ստանանք թավշե մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը և պողպատե մանդատով ուղղենք մեր երկրի ողնաշարը»,-հանդիպման սկզբում ասաց Նիկոլ Փաշինյանն ու շարունակեց. « Ֆունդամենտալ հարցը հետևյալն է` ինչ տեղի ունեցավ Ղարաբաղի հետ և ինչու: Ես տարբեր դրվագների անդրադարձել եմ, այսօր ուզում եմ ավելի հետևողականորեն ամբողջացնեմ պատկերը: 1994թ. մայիսին կնքվել է զինադադարի մասին փաստաթուղթը` Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի միջև: Կարևոր քաղաքական արձանագրումը հետևյալն էր, որ փաստաթուղթը ստորագրվեց եռակողմ ֆորմատով Հայաստան, Ղարաբաղ, Ադրբեջան, և սրանով Լեռնային Ղարաբաղը դարձավ իր նշաձողի մեջ միջազգային իրավունքի սուբյեկտ, որովհետև նա երկու միջազգայնորեն ճանաչված պետությունների հետ ստորագրում էր փաստաթուղթ»:

Փաշինյանի դիտարկմամբ,  բացի այն հաղթանակը որ հայկական կողմը տարածքներ էր ազատագրել, նաև դիվանագիտական հաղթանակ արձանագրեց և պատերազմի դիվանագիտական արդյունքը դա էր: «1996թ. վերջին տեղի ունեցավ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, որն առաջին մեծ ահազանգն էր ՀՀ-ի համար: Այդ գագաթնաժողովում նախագիծ դրվեց շրջանառության մեջ, որի էությունը հետևյալն էր` Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այսինքն՝ միջազգային հանրությունն ասում է`կոնֆլիկտ ունեք, գնացեք լուծեք, բայց ինչ կարգավիճակ էլ ունենա Ղարաբաղը, պետք է լինի Ադրբեջանի կազմում: Հայաստանը, քանի որ ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունում են կոնսենսուսով, այսինքն՝ բոլորը պետք է կողմ լինեն, օգտագործում է վետոյի իր իրավունքը, և փաստաթուղթը չի ընդունվում»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը:  

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մինչև 1997թ. ապրիլ ամիսը բանակցային գործընթացը շարունակվել է եռակողմ ձևաչափով ,և Ղարաբաղը, երկու անկախ պետությունների հետ, որպես ինքնուրույն կողմ նստել է բանակցային սեղանին. «Սակայն 1997թ. Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է վարչապետ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: 1998թ.-ին դառնում է ՀՀ նախագահ և առաջին բանը, որ տեղի է ունենում` Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից: Սա պետք է արժանանա ճշգրիտ գնահատականի: Սա նշանակում է, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի ամբողջ քաղաքական արդյունքը ոչնչացվում է: Սրա մասին շատ է խոսվել, բայց այն ժամանակ էլ իշխանությունները փորձել են այս ծանրագույն մեղադրանքից խուսափել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ»:

Վարչապետի պաշտոնակատարը նաև հատուկ շեշտադրեց, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին եռակողմ հանդիպումը` Հայաստան-ԼՂՀ-Ադրբեջան տեղի է ունեցել 1997թ. ապրիլին` Մոսկվայում. «Դուք հասկանում եք սա ինչ է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրն իր մայրաքաղաքում ընդունում է պատվիրակություն, որի կազմում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ է: Սա Ղարաբաղի միջազգային ճանաչման անկյունաքարն է, սա չի նշանակում, որ անպայման կճանաչեն, բայց ինքն արդեն ճանաչված կարգավիճակ ունի: Սակայն Քոչարյանի ընտրվելուց հետո ոչ մի այդպիսի հանդիպում չի լինում»: