Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի կառավարությունը «միջանցքային տրամաբանության» որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը «միջանցքային տրամաբանության» որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Փաշինյան
Քաղաքականություն
18:59, 05 июнь 2021
Հայաստանի կառավարությունը «միջանցքային տրամաբանության» որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կուսակցության դրամահավաք-երեկույթին ՔՊ-ի ծրագրի ներկայացմանը՝ շեշտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը:

«Ամենակարևոր խնդիրը և մարտահրավերը մեր արտաքին անվտանգության ապահովումն է: Եվ պետք է արձանագրենք, որ մեր արտաքին անվտանգության ապահովումն իսկապես ամենամեծ մարտահրավերն է, որ պետք է կարողանանք հասցեագրել: Եվ այդ խնդրի լուծման մի քանի գործիք պետք է կիրառենք ՝ մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը, երկրորդը՝ մեր զինված ուժերի, բանակի բարեփոխումները՝ Հայաստանում ստեղծելով իրոք պրոֆեսիոնալ բանակ»,-ասաց Փաշինյանը՝ հորդորելով պրոֆեսիոնալ բանակը չշփոթել պայմանագրային բանակի հետ:

Նա շեշտեց, որ գնալու են զինվորի մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելու ճանապարհով: Փաշինյանը հավելեց, որ դա բարդ ծրագիր է, սակայն շատ մանրամասն հրապարակային չեն քննարկելու:

«Ուզում եմ ընդգծել, որ մեր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչը, ինչքան էլ այլ կերպ է հնչում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերն իրենց ստանձնած պարտավորությունները լիարժեք իրականացնեն: ՀՀ-ն մինչև այս պահն իրականացրել է իր ստանձնած պարտավորությունները և կառուցողական աշխատում է այդ ուղղությամբ»,-ասաց նա:

Խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման կետի մասին, Փաշինյանը նշեց.

«Ուզում եմ իմ արձանագրենք հետևյալը, որ ՀՀ կառավարությունը միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է նշանակում նոյեմբերի 9-ի հայտարարության տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը վերաբերող դրույթը, կարդացեք հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարությունը, որում ճշգրիտ գրանցված է, թե ինչ է նշանակում այդ կետը»:

Աղբյուր՝ Armenpress.am