Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոչմիթիզական» ՀՅԴ-ն միայն պաշտոններ ստանալու համա՞ր էր կոալիցիա կազմում Արցախի «7 շրջան տվող» Սերժ Սարգսյանի հետ

«Ոչմիթիզական» ՀՅԴ-ն միայն պաշտոններ ստանալու համա՞ր էր կոալիցիա կազմում Արցախի «7 շրջան տվող» Սերժ Սարգսյանի հետ
Քաղաքականություն
15:21, 19 февраль 2021
Սերժ Սարգսյանի իշխանության հետ 2 անգամ կոալիցիա կազմած և երկրի կառավարման ու քաղաքականության համար ընդհանուր պատասխանատվություն ստանձնած ՀՅԴ-ն հանրությանը որևէ կերպ բացատրություն չի տալիս, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ համաձայնել է կոալիցիա կազմել Արցախի հողերը տալ պատրաստվող Սերժ Սարգսյանի հետ, և իրականում ի՞նչ նպատակով է կոալիցիա կազմել մի գործչի հետ, որը, ինչպես բացահայտեց վերջին հարցազրույցում, ծրագիր է ունեցել Արցախի հողերը տալով՝ կարգավորել խնդիրը, անգամ դրա համար 3-րդ ժամկետի է գնացել, սակայն Թավշյա հեղափոխությունը խանգարել է իրեն և թույլ չի տվել իրականացնել այդ ծրագիրը։ 

Հիշեցնենք, օրինակ, որ նույն ՀՅԴ-ն հուժկու հանրահավաքներ էր անում ու հրաժարական էր պահանջում, երբ ԼՂ կարգավորման նույն տարբերակի մասին բարձրաձայնում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

«Ես երբեք «ոչմիթիզական» չեմ եղել, երբեք․ և՛ 90-ականների սկզբի մեր հաջողությունների պահին, և՛ 2000-ականների ամբողջ ընթացքում, և՛ նախագահական նստավայր գալու առաջին իսկ օրվանից ես տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդիրների լուծումը ես տեսնում եմ միայն փոխզիջումների միջոցով։ Հիշո՞ւմ եք, երբ ես խորհրդարանում ասացի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ։ Իսկ հիշո՞ւմ եք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց, դա շահարկվեց վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին»,-ոչմիթիզականներին կշտամբել է Սերժ Սարգսյանը։ 

Սերժ Սարգսյանն ասել է, որ միայն 7 շրջանի վերադարձը  շահարկում են «ոչմիթիզականները», որովհետև նրանք ականջալուր չէին լինում, երբ ինքն ասում էր՝ առավելապաշտությունը մեզ կործանելու է, երբ ասում էր, որ հանկարծ այնպես չանեք, որ մի օր հավաքվենք Երևանում և սկսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել։

Civic.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից Սերժ Սարգսյանի հայտարարության և գնահատականների առթիվ։ Մեր հարցին, թե ՀՅԴ-ն իմացե՞լ է Սերժ Սարգսյանի վերոնշյալ  դիրքորոշման մասին, երբ կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ, և եթե իմացել է, ինչպե՞ս է պատասխանատվություն ստանձնել նրա այդ քաղաքականության համար, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտարարեց․ «Կոալիցիոն հուշագրում մենք հստակ նշել ենք, թե ո՞ր հարցում ենք համագործակցում և որ հարցերում ունենք անհամաձայնություններ»։ 

Մինչդեռ 2 անգամ ՀՀԿ-ի հետ ստորագրված կոալիցիոն հուշագրերում Արցախի լուծման տարբերակների հարցում անհամաձայնության մասին խոսք անգամ չկա։ Այսպես՝ 2008 թվականին ստորագրված կոալիցիոն հուշագրում որևէ խոսք չկա Արցախի մասին։ Հակառակը՝ համաձայն այդ հուշագրի՝ քաղաքական կոալիցիայի կողմերը, «առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, համերաշխության, տարաձայնությունները բանակցությունների ու քննարկումների միջոցով լուծելու սկզբունքներով, պարտավորվում են գործել սույն համաձայնագրի տառին ու ոգուն համապատասխան, իրականացնել միասնական քաղաքականություն` միմյանց եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համագործակցությամբ»։

2017 թվականին ՀՅԴ և ՀՀԿ միջև ստորագրված քաղաքական կոալիցիայի հուշագրում Արցախի հարցի կարգավորման տեսլականների կամ դիրքորոշումների մասին որևէ անդրադարձ չկա։

Կոալիցիոն փաստաթղթի 1.5 կետում, որը միակն է, որ վերաբերում է Արցախին, ասվում է՝ «Երաշխավորել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը»։

2.3 կետում նշված է՝ «Ամբողջացնել ազգ-բանակ հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համակարգի ստեղծմանը»:

Այս կետերից բացի, 2017-ին կնքված կոալիցիոն հուշագրում, Արցախին և ՀՀ և Արցախի անվտանգությանը վերաբերող այլ կետ գոյություն չունի։ Մինչդեռ հուշագրում նշված է նաև, որ ձևավորվում է քաղաքական կոալիցիա և կողմերը քաղաքական պատասխանատվություն են ստանձնում կառավարության ողջ գործունեության համար:

Ստացվում է՝ ոչմիթիզական ՀՅԴ-ն «դեմ ըլլալով» իրականում «կողմ է» եղել Արցախի հողերը տալու՝ Սերժ Սարգսյանի ծրագրին, որ մտել է կոալիցիոն պատասխանատվության տակ, կամ էլ կոալիցիայի է գնացել պաշտոններ ստանալու ու իշխանական բարիքներից օգտվելու համար։



Վովա Հակոբյան