Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես կձևավորվի ապագա կառավարությունը և որքան քվե է անհրաժեշտ խորհրդարան մտնելու համար

Ինչպես կձևավորվի ապագա կառավարությունը և որքան քվե է անհրաժեշտ խորհրդարան մտնելու համար
Քաղաքականություն
14:55, 07 июнь 2021
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը այսօր պաշտոնապես մեկնարկեց։ Այն կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ։ Ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 26 ուժ՝ 22  կուսակցություն և 4 դաշինք։

Չնայած ԱԺ-ն ընդունեց Ընտրական նոր օրենսգիրք, սակայն դրա դրույթներից հիմնականները ուժի մեջ կմտնեն այս ընտրություններից հետո։ Կատարված փոփոխություններից ուժի մեջ է մտել ռեյտինգային ընտրակարգի վերացումը և քաղաքացիները արդեն այս ընտրություններից սկսած, քվերակելու են բացառապես կուսակցությունների և կուսակցություննների դաշինքների օգտին։

Փոփոխություններ են կատարվել նաև Քրեական օրենսգրքում․ մասնավորապես

ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվել են հետևյալ հոդվածները՝ քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից - քր. պատիժ 5 տարվա ազատազրկում, ընտրակաշառք տալ - 7 տարվա ազատազրկում, ընտրակաշառք վերցնել -3 տարվա ազատազրկում։

Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար ԱԺ անցողիկ շեմը մնում է հինը՝ կուսակցությունների համար անցողիկ է համարվում 5%-ը, իսկ դաշինքների համար՝ 7։ 

Եթե ուժերից մեկը ստանում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների 51% և ավել քվեները, ապա ընտրում է վարչապետ, ձևավորում է Կառավարություն։ Սակայն, եթե որևէ ուժ չի հավաքում անհրաժեշտ՝ 51% և ավել քվե, ապա կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին ԿԸՀ-ն տալիս է վեց օր ժամանակ, որպեսզի ուժերը կարողանան ձևավորել կուալիցիա և ԿԸՀ ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին։ Ընդ որում, կուալիցիա կարող է ձևավորվել ոչ ավել, քան 3 քաղաքական ուժի միջև։

Կուալիցիա ձևավորելուց հետո ձևավորվում է կուալիցիոն կառավարություն, ընտրվում է վարչապետ։ 

Եթե ուժերին չի հաջողվում ձևավորել կուալիցիա, ապա տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլ։ Դրան մասնակցում են առաջին փուլում առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժերը և իրենցից որ մեկը, որ ավելի շատ ձայն հավաքեց, այդ ուժին տրվելու է լրացուցիչ այնքան մանդատ, որպեսզի այդ ուժը ունենա 54%։

Ինչպես հայտնի է՝ քվերակության օրը հունիսի 20-ն է։ Այն քաղաքացիները, ովքեր գրանցված են մի բնակավայրում, սակայն փաստացի բնակվում են այլ բնակավայրում, կարող են իրենց փաստացի գտնվելու վայրի Անձնագրային սեղանում դիմում գրել, խնդրելով իրենց անունը ներառել փաստացի բնակության վայրի ընտրատեղամասային ցուցակում: Դիմումի ներկայացման վերջնաժանկետն է հունիսի 10-ի ժամը 14:00-ն։ 

Ընդունված փոփոխությունների համաձայն, այս ընտրություններում ընտրողը քվերակելիս չի ունենալու գրիչի անհրաժեշտություն։

Քվեաթերթիկի վրա որևէ նշում անելու անհրաժեշտություն չկա։ Բավական է միայն ընտրել այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անունով քվեաթերթիկը, որին ցանկանում է քվեարկել և տեղադրելով այն ծրարի մեջ, գցել ընտրատուփի մեջ։ 

Քվեարկությունը ավարտվում է հունիսի 20-ին, երեկոյան ժամը 20:00-ին։

Դրանից հետո պարզ կդառնա՝ 2-րդ փուլ լինելու է, թե՝ ոչ։ 

Վովա Հակոբյան