Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի շտաբերում մտահոգ են, որ ընտրության օրերին կհայտնվեն իրավապահների տեսադաշտում․ որոշել են ժամանակից շուտ գումարը բաժանել

Քոչարյանի շտաբերում մտահոգ են, որ ընտրության օրերին կհայտնվեն իրավապահների տեսադաշտում․ որոշել են ժամանակից շուտ գումարը բաժանել
Քաղաքականություն
15:39, 08 июнь 2021
Civic.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում մտահոգ են, որ ընտրությունների նախորդ օրը կարող են հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում եւ ընտրակաշառք բաժանելու գործընթացը վիժեցվի։ Ուստի որոշել են ընտրակաշառքը բաժանել ոչ թե ընտրության օրը կամ դրա նախորդ օրը, այլ մի փոքր ավելի վաղ։ 

Այժմ ընթանում է պոտենցիալ ընտրողների ցուցակագրման գործընթացը։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Քոչարյանի յուրաքանչյուր շտաբ մոտ 100-200 միլիոն դրամի գումար է ստանում դաշինքից, որը պետք է բաժանվի խիստ գաղտնիության պայմաններում։ Այդ գործը հիմնականում վստահվել է ժամանակին ՀՀԿ-ի կամ անգամ ԲՀԿ-ի համար ընտրակաշառք բաժանած անձանց, այսպես կոչված՝ թաղային հեղինակություններին, նաև նրանց, ովքեր Կառավարության ու ԱԺ շենքի վրա էին հարձակվել նոյեմբերի 9-ի հայտնի դեպքերի ժամանակ։ 

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վերոնշյալ լուրերը, ասաց, որ դատախազությունը դեռ չունի նման տեղեկություններ։

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ուսումնասիրվել է առաջիկա արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ԶԼՄ 3 հրապարակում, ֆիզիկական անձի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 17 դիմում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 19 գրառում:

Նշվածներից 19-ով, որոնցում ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ առկա տվյալները եղել են վերացական և ընդհանուր բնույթի, ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է կատարել ստուգողական գործողություններ: Դրանցից 6-ի արդյունքում ստացված տվյալները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական աշխատանքները շարունակվում են:

5 դեպքով, նկատի ունենալով, որ տվյալներն ի սկզբանե եղել են առարկայական, կամ, ելնելով կատարված ստուգողական աշխատանքների արդյունքներից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր, որոնք ընթացքի մեջ են: