Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Արզաքանցյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ ԿԸՀ-ի

Տիգրան Արզաքանցյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ ԿԸՀ-ի
Քաղաքականություն
12:07, 09 июнь 2021
Տիգրան Արզաքանցյանը երեկ՝ հունիսի 7-ին, դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ պահանջելով անվավեր ճանաչել Հանձնաժողովի 31.05.2021թ. թիվ 107-Ա որոշումը, որում ասվում էր․

«Քաղաքացի Տիգրան Արզաքանցյանի կամ «ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ․ ՈՒԺԸ՝ ՄԱՐԴՆ Է» գրառմամբ պաստառները ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզչության հետ ասոցացվող»։

Գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել էր․

«ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառներ կարող են տեղադրվել միայն այն վահանակների վրա, որոնք վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից նախապես տրամադրվել են ԿԸՀ-ին և ԿԸՀ-ն բաշխել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև: 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառ կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:

Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում 5 քառակուսի մետրը գերազանցող այն քարոզչական պաստառները, ինչպես նաև նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, որոնք փակցված կլինեն ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են դրանք փակցվել, ենթակա են վերացման:

Մինչև 5 քառակուսի մետր մակերեսով՝ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, տպագիր և այլ նյութերը ևս ենթակա են վերացման, եթե նշված պաստառների, տպագիր և այլ նյութերի ծախսերը սահմանված կարգով չեն ներառվում նախընտրական հիմնադրամում:

Խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարչական դատարանը դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ վճռել է բավարարել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

Քոչարյանը պահանջ էր ներկայացրել առոչինչ ճանաչել ԿԸՀ-ի մայիսի 31-ի իրեն վերաբերելի որոշումներից մեկը:

Նշենք, ԿԸՀ-ի մայիսի 31-ի 108-Ա որոշման մեջ նշվում էր, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է որպես ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածու Կենտրանական ընտրական հանձնաժողովը գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ։

Որոշման մեջ մասնավորապես ասվում էր․

«Քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» պաստառները ճանաչել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող»։

Դատարանը վճռել էր.

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշման առոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասին, մերժել:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վճիռն ուժի մեջ էր մտնում հրապարակման պահից, վերջնական էր և վերանայման ենթակա չէր: