Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատիվ չունեն, անպատիվներ են. ամոթ է հրապարակավ, անթաքույց կերպով ցարին ստրկամիտ հպատակություն ցույց տալը

Պատիվ չունեն, անպատիվներ են. ամոթ է հրապարակավ, անթաքույց կերպով ցարին ստրկամիտ հպատակություն ցույց տալը
Քաղաքականություն
16:06, 09 июнь 2021
«Ես զարմանում եմ, թե այդ հարցազրույցից հետո ինչպես են նրանք շարունակելու իրենց կարգախոսը «Պատիվ ունեմ»-ը պահել։ Ով որ մի քիչ կասկածում էր, որ նրանք պատիվ չունեն, անպատիվներ են, հիմա ամբողջությամբ համոզվեցին դրանում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հարցազրույցին։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը  նախօրեին Մոսկվայում Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել։ Նա նախ հայտարարել է, որ Ղրիմը ռուսական է, ապա սեր է խոստովանել առ Ռուսաստան, ասել, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է և ավելի լավ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող։ «Ռուսաստանը չի հանդուրժում սուտասաններին, մարդկանց, ովքեր ուղիղ չեն խոսում հարաբերությունների եւ խնդիրների մասին։

Եվ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել, դա գերտերություն է։ Եվ ես կարծում եմ, որ իշխանության գալուց հետո մենք պետք է դիտարկենք Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության, ավելի խոր ինտեգրացիոն գործընթացների հարցը։ Այնպես անել, որպեսզի Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները լինեն այնպիսի մակարդակի, որպեսզի ոչ ոք չկարողանա փոխել դրանք»,- ասել է Վանեցյանը՝ շտապելով ավելացնել, որ ինքը ռուսական կրթություն ունի, իր համար դա մշակույթի լեզու է և կարծում է, որ ռուսերենի դերը Հայաստանում պետք է բարձրացվի։ «Մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանն ու ռուսախոս երկրներն են»,- ասել է Վանեցյանը։

Մեհրաբյանի խոսքով՝ քարոզարշավի հենց սկզբից վազել Մոսկվա՝ խոսում է այն բանի մասին, որ նրանք ինքնուրույն մարդիկ չեն, հույսները դրել են ռուս պրոպագանդիստների վրա, որոնք մինչ այդ էլ Հայաստանի վրա կեղտ ու լուտանք էին թափում.«Սրանից մեծ անպատիվ բան ես դժվարությամբ եմ պատկերացնում։ Եվ հետո Վանեցյանի արած հայտարարություններն այնպիսինն են, որ դրանից հետո Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ։ Հայաստանը պարզապես չի կարող իրեն թույլ տալ նման անպատասխանատու քաղաքական գործիչ ունենալ, այն էլ նախկին ԱԱԾ տնօրեն։ Նրա արածը ոչ միայն անպատիվ է, այլև նա պետության վարկի հետ է խաղում և ուզում է պետությանն էլ իր նման անպատիվ սարքել»,- ասաց քաղաքագետը։

Մեր հարցին՝ Վանեցյանի այս քայլն ինչպե՞ս կարելի է մեկնաբանել, արդյո՞ք սա նշանակում է, որ նախընտրական այս շրջանում նրանք այսկերպ Ռուսաստանի աջակցությունն են հայցում, քաղաքագետը պատասխանեց.«Հայաստանում ձևավորվել է մի սեգմենտ, որոնց համար Հայաստանի շահ ասվածը բացարձակապես չկա, նրանք ռուսական սելին լծված եզեր են, որոնց խելքին չի հասնում, թե ինչ սել են քարշ տալիս։ Միակ ակնկալիքը այդ սելից իրենց բերանը քցվելիք փայն է։ Պարզապես այդ մարդիկ քաղաքականությունից խոսելու իրավունք չունեն, նրանք հայկական քաղաքականության մեջ պերսոն նոն գրատա պետք է ճանաչվեն»,- ասաց Մեհրաբյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը որևէ նախապատվություն քաղաքական ուժերի առումով  չունի։ Ռուսաստանը համարում է, որ պետք է աշխատի գործող իշխանության հետ, բայց նաև համարում է, որ այդ իշխանությունը որքան խոցելի լինի, այնքան լավ։ Հետևաբար Ռուսաստանին ձեռնտու է, որ Հայաստանում «իրար փոր թափեն» ու այդ ֆոնին ձևավորվի թույլ իշխանություն, որին մանիպուլացնելը լինի չափազանց հեշտ։
 
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ զզվելի ու ամոթ է համարում հրապարակավ, անթաքույց կերպով ցարին ստրկամիտ հպատակություն ցույց տալն ու միաժամանակ հայտ ներկայացնելը դառնալ ՀՀ վարչապետ։ 

Արփի Հարությունյան