Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրատեսական եմ համարում Սյունիքում ՌԴ ռազմաբազայի տեղակայումը, բայց եթե ուզում ենք` մեզ հարգեն, պետք է ունենանք սեփական Զինված ուժեր․ Քոչարյան

Իրատեսական եմ համարում Սյունիքում ՌԴ ռազմաբազայի տեղակայումը, բայց եթե ուզում ենք` մեզ հարգեն, պետք է ունենանք սեփական Զինված ուժեր․ Քոչարյան
Քաղաքականություն
16:34, 09 июнь 2021
Մենք հայտարարում ենք, որ այն ուժն ենք, որն ի վիճակի է այսօր Հայաստանը տանել դեպի պայծառ ապագա։ Այս մասին այսօր Կապանում իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը նշեց, որ տուրիզմը պետք է հասցնել մինչև Կապան։ «Տուրիզմը հասել է մինչև Գորիս և մինչև Կապան չի շարունակվել։ Մենք պետ է կառուցենք ճանապարհներ, Հյուսիս– Հարավ մայրուղին պետք է սկսվեր կառուցվել Սյունիքում»,– ասաց նա և նշեց, որ այդ ճանապարհի անհրաժեշտությունն զգացել է այստեղ ժամանելիս։

Հարցին, թե որքանով եք իրատեսական համարում, որ Սյունիքում կարող է տեղակայվել ՌԴ ռազմաբազա, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց։ «Իրատեսական եմ համարում, բայց մեկ հարց, որի վրա միշտ շեշտադրում եմ անում, եթե մենք ուզում ենք, որ մեզ հարգեն, մենք պետք է ունենանք սեփական Զինված ուժեր։ Ռուսական բազան, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, անկասկած, բայց եթե ուզում ենք մեր կշիռը այդ հարաբերությունում պատշաճ մակարդակի վրա լինի, մենք մեզանից ինչ–որ բան պետք է ներկայացնենք, այլ տարբերակով չեն հարգում պետություններին։ Եթե մենք ուզում ենք, որ այս հարցերն իրենց լիարժեք լուծումն ստանան գործընկերային հենքի վրա, ոչ թե աղաչելով ու խնդրելով, ուրեմն մենք շատ արագ պետք է վերականգնեք մեր բանակը և միասին մեր դաշնակիցների հետ ամրացնենք մեր երկրի անվտանգությունը»,–ասաց նա։