Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ ժողովրդի որոշմանը հլու ենթարկվելու են. Փաշինյանը` Ախուրյանում․ Տեսանյութ

Բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ ժողովրդի որոշմանը հլու ենթարկվելու են. Փաշինյանը` Ախուրյանում․ Տեսանյութ
Քաղաքականություն
17:11, 09 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր` հունիսի 9-ին, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նահատակների հիշատակը:

«Ես ձեզ շնորհակալ եմ ձեր ցուցաբերած կեցվածքի համար: Մենք ունենք մեկ թիկունք, այդ թիկունքը դուք եք: Ես խոնարհվում եմ նրանց առաջ, ովքեր ապահովագրեցին մեր պետականությունը ցնցումներից»,- հայտարարեց Փաշինյանը և խոնարհվեց ժողովրդի առաջ:

Նա նշեց, որ իրենք ոչ թե կառչած են աթոռներից, այլ ժողովրդից ստացած իշխանությունը կարող են վերադարձնել միայն ժողովրդին. «Եվ մենք իշխանությունը վերադարձրել ենք ձեզ: Այս խորհրդարանական ընտրությունների գլխավոր և առանցքային իմաստը էն չի, և խորհրդարանական ընտրությունները չեն կազմակերպվել, որ մենք մնանք իշխանության: Այս խորհրդարանական ընտրությունները կազմակերպել ենք, որ դուք լինեք իշխանություն` անկախ նրանից, թե ով կլինի կառավարություն: Դուք Հայաստանում բարձրագույն իշխանություն եք, որովհետև ինչ որոշում ուզեք` կկայացնեք. կուզեք 60 կխփեք, կուզեք 80 կխփեք, և մենք հնազանդ ենք լինելու: Մենք ձեր ցանկացած որոշմանն անվերապահորեն ենթարկվելու ենք»:

Նա ընդգծեց. «Մենք չենք կարող ընտրություն կեղծել, որովհետև մեր իշխանության ծագումը ձեր ձայնն է. դա բացառված է: Բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ ժողովրդի որոշմանը հլու ենթարկվելու են: Դուք պետք է պինդ ձեր ձեռքերում պահեք իշխանության ղեկը: Պետք է հաղթեք դուք` ՀՀ քաղաքացին: Ընտրությունների արդյունքները ձևավորվելու են ձեր քվեով»:

Փաշինյանը նշեց, որ վստահության քվեն ստանալու դեպքում ինքը պատրաստ է շարունակել առաջնորդել երկիրը:

Մանրամասն` տեսանյութում: