Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի թիմը հայ զինվորի սպանության կադրերը դարձրել է նախընտրական ձայներ ստանալու զազրելի և էժանագին միջոց. Կոնջորյան

Քոչարյանի թիմը հայ զինվորի սպանության կադրերը դարձրել է նախընտրական ձայներ ստանալու զազրելի և էժանագին միջոց. Կոնջորյան
Քաղաքականություն
21:19, 09 июнь 2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում Գյումրիում հայտարարեց. «Հայաստանը, այսպես կոչված, փրկելու հայտ ներկայացրած Ռոբերտ Քոչարյանի թիմը հայկական հեռուստատեսությամբ վճարովի գովազդով պտտում է մի տեսանյութ, որտեղ թուրքական արտադրության ադրբեջանական «Բայրաքթարները» ռմբահարում էին հայ զինվորներին, և որտեղ ցուցադրվում էին հայ զինվորների սպանության տեսարանները: Որքան հայասպան էություն պիտի ունենա մարդ, որ հայ զինվորի սպանության կադրերը դարձնի նախընտրական ձայներ ստանալու զազրելի և էժանագին միջոց: Հունիսի 20-ին դուք գնահատական եք տալու այդ մարդկանց: Տպավորություն է առաջանում, որ թուրքական արտադրության ադրբեջանական «Բայրաքթարները» համատեղ օգտագործման են դրված ադրբեջանական իշխանության և հայկական ընդդիմության որոշ մասի համար»:

Նա նշեց, որ իրենց իշխանությունը չի կրում պատերազմի պարտության պատճառները. «Պատերազմի պարտության պատճառը 25-ամյա ամենօրյա պարտությունն է, որ գրանցել են այդ ուժերը: Դուք 25 տարի պարտվել եք ընտրատեղամասերում` գողանալով և ոտնահարելով հայ ժողովրդի քվեն: Դուք 25 տարի պարտվել եք դատարաններում` ապականելով արդարադատությունը: Դուք 25 տարի պարտվել եք տնտեսության մեջ` ունեզրկելով գործարարներին և քաղաքացիներին: Դուք 25 տարի պարտվել եք դեմոգրաֆիայի մեջ` հայ ժողովրդին մատնելով պանդխտության: Եվ 44-օրյա պատերազմի պարտությունը ձեր հավաքական 25-ամյա պարտության հետևանքն էր, որից դուք այսօր փորձում եք խւսափել, ինչպես խուսափում եք տղամարդավարի բանավեճի գալուց»:

Նրա խոսքով` քաղաքական ջեբկիրները օրուգիշեր փորձում էին ժողովրդի իշխանությունը գրպանել. «Բայց մենք ձեր կողմից մեզ ի պահ տրված իշխանությունը պահպանեցինք և այսօր վերադարձնում ենք ձեզ: ...Ուժի իշխանությունը փողի, կրիմինալի և զոռբայության իշխանություն է»: