Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերադարձ չի լինելու ոչ միայն անցյալին, այլև անցյալի անցյալին. ձեր դատին են հանձնվել ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարները. Փաշինյան

Վերադարձ չի լինելու ոչ միայն անցյալին, այլև անցյալի անցյալին. ձեր դատին են հանձնվել ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարները. Փաշինյան
Քաղաքականություն
21:49, 09 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում Գյումրիում հավաքվածների առաջ ներողություն խնդրեց ՀՀ բոլոր քաղաքացիներից այն բոլոր թերացումների, բացթողումների համար, որ իրենք ունեցել են:

«Ես եկել եմ ասելու, որ այլևս հանձնված եմ ձեր դատին, հունիսի 20-ին դուք պիտի կայացնեք ձեր դատավճիռը: Բայց ես ինձ հետ բերել և ձեր դատին եմ հանձնել Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին: Սա պատմական մի հանգրվան է, որտեղ ժողովուրդը պիտի ասի իր խոսքը, իր խոսքը անցյալի, ներկայի և ապագայի մասին»,- հայտարարեց նա:

Նա ասաց, որ իր ամենամեծ մեղքն այն է, որ 2018-ի հեղափոխությունը ուշացավ. «Բայց ես հույս ունեմ, որ դուք կպաշտպանեք այն դիրքորոշումը, որ ոչ միայն անցյալին վերադարձ չի լինելու, այլև անցյալի անցյալին վերադարձ չի լինելու, նաև անցյալի անցյալի անցյալին վերադարձ չի լինելու, որովհետև մեր խոսակցությունը այլևս պետք է լինի ապագայի մասին: Սակայն մենք հնազանդ ենք լինելու ձեր կայացրած ցանկացած որոշման: Եթե հայ ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես հնազանդ կանգնելու եմ գնդակահարության պատի տակ»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ իրենց իշխանությունը երկու տարվա ընթացքում 132 մլն դոլարով ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Ռոբերտ Քոչարյանը 10 տարիների իշխանության ընթացքում, և 1 մլն դոլարով ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարիների ընթացքում: