Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղահանված արցախցիներին պարտադրում են վերականգնել ընտրելու իրավունքը և քվեարկել Քոչարյանի օգտին

Տեղահանված արցախցիներին պարտադրում են վերականգնել ընտրելու իրավունքը և քվեարկել Քոչարյանի օգտին
Քաղաքականություն
18:00, 10 июнь 2021
Վերջին օրերին ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների մոտ հսկայական հերթեր են։

Հերթերում հիմնականում 44-օրյա պատերազմի պատճառով Արցախից տեղահանվածներն են։ Մեզ փոխանցեցին, որ այս օրերին մի քանի ակտիվ քաղաքացիներ կոչ են անում արցախցիներին, դիմել անձնագրային բաժանմունքներ, վերականգնել ընտրական իրավունքը և անպայմանորեն մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Քաշաթաղից և մի քանի այլ համայնքներից տեղահանվածները Civic.am-ին ահազանգեցին, որ որոշ անձիք այս օրերին ակտիվ քարոզչություն են անում, արցախցիներին հորդորում են վերականգնել ընտրական իրավունքը և քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին։

«Մեր գյուղում ևս խոսակցություններ կան, բոլորն էլ ասում են, որ առաջարկում են, որ մարդիկ գնան անձնագրայիններում վերականգնեն իրենց ընտրելու իրավունքը։ Խոսակցություններում, այո, նշվում է, որ Քոչարյանին պետք է ընտրեն»,- մեզ հետ զրույցում ասաց քաշաթաղցի կինը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակենք։

Մեր զրուցակիցն ասաց, սակայն, որ քաշաթաղցիները հաստատ Քոչարյանին չեն ընտրի։ Նման քայլի կարող են գնալ Հադրութի շրջանի որոշ տեղահանվածներ, բայց Քաշաթաղի շրջանը, քաշաթաղցիները Քոչարյանին չեն ընտրելու. «Ես խոսում էի մեր բազմաթիվ քաշաթաղցիների հետ և բոլորն էլ նույն բանն էին ասում՝ մենք ինչ գործ ունենք Քոչարյանի հետ։ Էս ամեն ինչը Քոչարյանի արածն է։ Մեր ժողովուրդը իրոք խելացի է դարձել, մարդկանց աչքերը բացվել է և բոլորն էլ հասկանում են, որ սաղ Քոչարյանի արածն էր։ Հիմա բոլորն էլ հասկացել են, թե ինչու ժամանակին մեր գյուղերը չէր սարքում, մեր փողոցները չէր ասֆալտապատվում։ Մենք 20 տարի այդտեղ ապրել ենք, բայց ջրհորից ենք ջուր հանել խմել։ Հիմա բոլորս ենք հասկանում, թե ինչու ջուր չէին քաշում, ինչու լույս չկար։ Հիմա բոլորը գիտակցել են, որ այդ ամենը չէր արվում, քանի որ էն գլխից էլ պարզ էր, որ էդ հողերը պետք է տային ու դրա սկիզբը դրել էր Քոչարյանը»,- ասաց մեր զրուցակից կինը։

Նշենք, սակայն, որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների կողմից ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումների ընդունման ժամկետը լրանում է այսօր՝ հունիսի 10-ին։ Այսինքն այսօր վերջին օրն է, երբ արցախցիները կարող են դիմել և վերականգնել իրենց ընտրելու իրավունքը։ 

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը չցանկացավ պատասխանել մեր հարցերին, որևէ մեկնաբանություն տալ։

Իսկ երեկ անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկացրել էին, որ հերթերը պայմանավորված են նաև արտահերթ ընտրություններով և հաշվի առնելով այդ հանգամանքը՝ բոլոր դիմումատուներին ժամանակին սպասարկելու և օրենքով սահմանված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով հունիսի 9-ին և 10-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն առանց ընդմիջման, իսկ որոշ ստորաբաժանումներում ավելացվել են սպասարկող աշխատակիցները: Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի:

Արփի Հարությունյան