Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ մի շփոթեք ձեզ հետ. դուք եք գեներացնում ատելություն. Լիլիթ Մակունց

«Մեր քաղաքական թիմը շուրջ 7 ամիս լուռ է մնացել այն պարագայում, երբ աշխարհի ամենատարբեր լուտանքները հնչեցրել են մեր քաղաքական թիմի հասցեին: Եվ այսօր որոշ շրջանակներ միջազգային կառույցների, դիտորդական առաքելություն իրականացնող շրջանակների մոտ փորձում են տպավորություն ստեղծել, թե քարոզարշավի ընթացքում մեր քաղաքական թիմը ատելության խոսք է տարածում»,- այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշ կատարած այցելության ընթացքում Իջևանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

Նա նշեց, որ նախկին նախագահներից մեկը խոսում է այն մասին, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է ինքնասպանություն գործեր. «Ոչ մի խոսք չի հնչում այն մասին, որ այս անձը ատելության խոսք է տարածում: Այդ նույն նախկին նախագահը վարչապետին ասում է՝ որդուդ փոխանակիր պատանդների և գերեվարվածների հետ Ադրբեջանում, ինչին ի պատասխան վարչապետն ասում է, որ պատրաստ է: Բայց հետո էլ այդ նույն շրջանակներն ասում են, թե գերիների հարցն է շահարկվում: Մյուս նախկին նախագահը դուելի է կանչում Նիկոլ Փաշինյանին... Բայց մեզ են անվանում ատելություն գեներացնող: Դուք եք այդպիսին, մեզ մի շփոթեք ձեզ հետ»: 

Նրա խոսքով՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը պետք է օգտագործել ի շահ Հայաստանի: