Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քոչարյանի դաշինքի պատգամավորների ելույթներում ամեն ինչ լսեցի՝ հայհոյանք, անեծք, վիրավորանք, անուղղակի ահաբեկչության կոչ, բացի՝ թե ինչ լուծում են իրենք առաջարկում»․ Գևորգ Պապոյան

«Քոչարյանի դաշինքի պատգամավորների ելույթներում ամեն ինչ լսեցի՝ հայհոյանք, անեծք, վիրավորանք, անուղղակի ահաբեկչության կոչ, բացի՝ թե ինչ լուծում են իրենք առաջարկում»․ Գևորգ Պապոյան
Քաղաքականություն
19:07, 23 май 2023
«Քոչարյանի դաշինքի պատգամավորների ելույթներում ամեն ինչ լսեցի՝ բացի ամենակարևորից: Լսեցինք հայհոյանք, անեծք, վիրավորանք, սրտաճմլիկ տեքստեր, հայրենասիրական ճոռոմաբանություն, պաթոս, սպառնալիք, անուղղակի ահաբեկչության կոչ, անգամ երիտթուրքերի հետ կոալիցիայի մեջ մտած Դաշնակցությունից թուրքերի հետ քիրվայության մեղադրանք ստացանք: Սակայն ես չլսեցի, թե ինչ լուծում են իրենք առաջարկում»,- այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Իսկ թե ինչու լուծումից չխոսեցին, Գևորգ Պապոյանի կարծիքով՝ կա երկու տարբերակ. «Առաջին՝ ավելի լավ լուծում վստահաբար չունեն, երկրորդ՝ իրենց գործողությունները միտված են նոր պատերազմ հրահրելուն, պատերազմ, որը Հայաստանին կբերի կորուստներ, մահեր, ընդհուպ մինչև անկախության կորուստ, միայն թե Հայաստանի կառավարիչները իրենք լինեն: Դրա համար իրենք խուսափում են պետություն բառն օգտագործել և միայն օգտագործում են հայրենիք բառը, որովհետև հայրենիքը ևս հնարավոր է կառավարել, բայց այլ պետության կազմում»:

Գևորգ Պապոյանն ընդգծեց. «Իսկ մենք խոստացել ենք խաղաղություն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանում, ինչը վստահաբար մենք կանենք»: