Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրեաօլիգարխիայի փարոսը․ Թոխմախի Մհերը ակտիվ մասնակցում է Քոչարյանի քարոզարշավին, իսկ նրա դեմ քրգործով դատավոր Մելիքյանը բոյկոտում է նիստերը

Քրեաօլիգարխիայի փարոսը․ Թոխմախի Մհերը ակտիվ մասնակցում է Քոչարյանի քարոզարշավին, իսկ նրա դեմ քրգործով դատավոր Մելիքյանը բոյկոտում է նիստերը
Քաղաքականություն
14:27, 12 июнь 2021
Էրեբունի համայնքում երեկ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի քարոզարշավին անձամբ մասնակցում էր նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը մեղադրյալ է քրեական գործով։ 

Ինչպես հայտնի է՝ նրա մեծահարուստ, երիտասարդ տղան, որը 34 անշարժ գույք, 1 մլրդ 420 մլն դրամ, 750 հազար դոլար է «աշխատել», ներգրավվել է Քոչարյանի ցուցակում՝ թերևս որպես թեկնածու։

Էրեբունիում մեր հարցումները ցույց են տվել, որ այնտեղ իշխանությունը շատ ձայներ ունի, սակայն եղել է դեպք, երբ մի կին ասել է, թե իրեն զգուշացրել են, որ ասի՝ Քոչարյանին է ընտրելու, թեև ինքն այլ թեկնածու ունի։ 

Քոչարյանն այսօր փաստորեն փարոս է քրեաօլիգարխիայի ներկայացուցիչ Մհեր Սեդրակյանի համար։ Նա քրգործով մեղադրվում է խոշոր չարաշահման համար։ Պետական ունեցվածքի խոշոր չարաշահման մեջ մեղադրվող Մհեր Սեդրակյանի գործը դատական քննության փուլում է, վարույթ է ընդունվել դեռ այս տարվա հունվարի 18-ին, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն «այնքան զբաղված է», որ մինչ այժմ՝ 6 ամիս, դատաքննություն չի իրականացրել, միայն վարույթ է ընդունել գործն ու իր իսկ նշանակած դատական նիստերի օրերին գնացել է վերապատրաստման  կամ դատավորների ընդհանուր ժողովի։ 

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում: 

Մհեր Սեդրակյանը, վերոնշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինությունները և զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ նախ՝ համայնքի, ապա՝ որդու և եղբոր սեփականության իրավունքը գրանցելու համար, 2004թ. մայիսի 27-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ միաժամանակ տրամադրելով ապօրինի կառուցված ինքնակամ շինությունների վերաբերյալ չափագրական տվյալներ: 

Վերոգրյալի հիման վրա ՀՀԿԱ ԱԳԿՊ կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված հատակագիծը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան, որից հետո ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կարգավիճակի մասին Երևանի քաղաքապետի՝ 2004թ. հուլիսի 19-ի թիվ 1319-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Վարդավառի զբոսայգու և Վարդավառի լճի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է Էրեբունու թաղապետարանի սեփականության իրավունքը: 

Այնուհետև՝ 2004թ. օգոստոսի 5-ին, Էրեբունու թաղապետարանի դիմումի հիման վրա՝ կատարվել է վերը նշված անշարժ գույքի բաժանում 5 մասի, իսկ 2004թ. օգոստոսի 6-ին կատարվել է բաժանված գույքերի նկատմամբ Էրեբունու թաղապետարանի իրավունքների պետական գրանցում: Մ.Սեդրակյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն և եղբորը, որի արդյունքում նշված 12035.5քմ.  ընդհանուր մակերեսով հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, իսկ ավագանու 5 անդամի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով: