Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկլավների վերաբերյալ վերջնական համաձայնեցում չկա, կան մտքեր, որոնցից ոչ մեկը մերժված չէ. Հարցը դիտում ենք խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի մեջ. վարչապետ

Անկլավների վերաբերյալ վերջնական համաձայնեցում չկա, կան մտքեր, որոնցից ոչ մեկը մերժված չէ. Հարցը դիտում ենք խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի մեջ. վարչապետ
Քաղաքականություն
17:52, 24 май 2023
«Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց: Սա շատ կարևոր է»,- այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին առ այն, որ այս թեմայով բազմաթիվ շահարկումներ կան: 
Վարչապետի խոսքով՝ 1999 թվականի տարածքների փոխանակման մասին հրապարակված փաստաթղթի 4-րդ հոդվածը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին:

«Հարցն ունի քաղաքական և իրավական կողմ: Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը. մենք փոխադարձաբար ճանաչում ենք անկլավների գոյությունը, այսինքն՝ որ կա Արծվաշեն, որը պատկանել է ՀՀ-ին, և Հայաստանի տարածքում կան անկլավներ, որոնք պատկանել են Ադրբեջանին: Այո, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք, իսկ իրավական մակարդակում մենք հարցեր ունենք առնվազն դրանցից մի քանիսի հետ կապված»,- պարզաբանեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ լուծման երկու տարբերակ կա. «Որը սահմանից այն կողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող տարածքում, որը սահմանից այս կողմ է, մնում է սահմանից այս կողմ գտնվող երկրի տարածքում: Իսկ եթե մենք ասենք՝ Արծվաշենը չենք ուզում, մյուսները թող մնան, այստեղ էլ իրավական հարցեր, նրբություններ կան, որոնք պարզ չեն: Սա այն տեղն է, որտեղ ճկունության շատ մեծ տեղ կա»:

Վարչապետն ընդգծեց, որ նախ որևէ բան որոշված չէ. «Եթե հստակ պայմանավորվածություն լինի Ադրբեջանի հետ, ես կգամ կասեմ, որ այդ հարցի լուծումը այսպես է՝ հստակ պայմանավորվել ենք: Այս թեմայի վերաբերյալ վերջնական համաձայնեցում չկա, կան մտքեր, գաղափարներ, որոնցից ոչ մեկը մերժված չէ»:

Վարչապետը ասաց, որ վերջերս Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում կանգ է առել Ոսկեպարում, որտեղ գյուղացիներին դարձյալ ասել է, որ կան տարբեր տարբերակներ, բայց առայժմ ոչ մի հստակություն չկա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Մեծ հաշվով հարցը հետևյալի մասին է. այդ հարցը դիտում ենք խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի մեջ: Եթե խաղաղության մեջ՝ հարցն այդքան ծանր չէ, եթե պատերազմի մեջ՝ դա ծայրահեղ ծանր հարց է»:

Մանրամասն՝ տեսանյութում