Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանազավթում, ինքնորոշում, զենքի գնում. ընդդիմադիր և իշխանական պատգամավորների բանավեճը ԱԺ-ում․ տեսանյութ

Ազգային Ժողովում ելույթների ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը դիմեց, իր բնութագրմամբ, Փաշինյանի փոքրաթիվ մնացած աջակիցներին՝ նշելով, որ վարչապետը խաբում է, երբ նշում է, որ պատերազմից հետո ինքնորոշման տարբերակ այլևս չկար և վկայակոչում ՌԴ նախագահին, ԵՄ բարձր հանձնակատարին, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Գերմանիայի կանցլերին։

Մամիջանյանը նախ ներողություն խնդրեց, որ իրենց ուժերի ներածին չափով պայքարելուց հետո անգամ չեն կարողացել հեռացնել գործող իշխանություններին և խոստացավ անել ուժերից ավելին։

Նույն խմբակցությունից Աննա Մկրտչյանն էլ խոսեց իշխանազավթումից՝ հավանաբար հիշելով 1998 թվականի պալատական հեղաշրջումը, 2003-ի, 2008-ի արյունալի, 2013-ի ընտրություններն ու 2015-ի՝ Սահմանադրությունը փոխելով Սերժ Սարգսյանի իշխանավարման հավերժացման փորձը։

Մկրտչյանն անդրադարձավ նաև զենքին՝ նշելով, որ առաջ Հայաստանը զենք գնում էր, Ալիևն էլ հայտարարում էր, որ ձեռք է քաշել Արցախից։

Ի պատասխան, մեծամասնության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը հիշեց Հանրապետական Արմեն Աշոտյանի հայտարարությունը, թե՝ «ժամանակին Հայաստան 50 հազար տոննա զենք է մտե»։ Ապա Ալեքսանյանը հիշեցրեց 1994 թվականից հետո եղած ամբողջ բանակցային փաստաթղթերը։

ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց նաև ընդդիմության թեզը, որով վերջիններս ասում էին, որ Փաշինյանին են հանձնել 44 000 քառ կմ հայրենիք։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ ԱԺ ամբիոնից միացրեց Հայաստանի նախագահների ելույթները, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խոսում էին այն մասին, որ 7 շրջաններն ու Արցախի անկախությունը չճանաչելը եղել է փոխզիջում։

ՔՊ մեկ այլ պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ հարցրեց ընդդիմությանը՝ եթե պատերազմից հետո ինքնորոշման հնարավորություն կար, ապա, վստահաբար, կար նաև պատերազմից առաջ․ ինչու՞ պատերազմից առաջ 20 տարի բանակցելով չհասաք ինքնորոշման։
 
Պապոյանն ասաց, որ ընդդիմության նպատակը նոր պատերազմն է, Հայաստանին նոր պատերազմի տանելը։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան