Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական 3 մարմիններից, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակից, 7 պաշտոնյա կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն․ վարչապետի որոշումներ

Պետական 3 մարմիններից, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակից, 7 պաշտոնյա կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն․ վարչապետի որոշումներ
Քաղաքականություն
16:50, 12 июнь 2021
Վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 10-ին և 11-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն մի քանի պաշտոնայներ, տարբեր նպատակներով կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն։

Հունիսի 10-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`

1. ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին և անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանին 2021 թվականի հունիսի 14-16-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում կայանալիք ՀԱՊԿ շրջանակներում օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցերով համակարգող խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

2. Հայկ Պետրոսյանի և Արմեն Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»։

Հունիսի 10-ի մեկ այլ որոշման մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Սերգեյ Հարությունյանին և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի գլխավոր մասնագետ Արարատ Սահակյանին 2021 թվականի հունիսի 14-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ «Տիեզերական հետազոտությունների համաշխարհային համաժողով 2021» միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Հայկ Չոբանյանի, Սերգեյ Հարությունյանի և Արարատ Սահակյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

Հունիսի 11-ի որոշման մեջ ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին 2021 թվականի հունիսի 17-ից 18-ը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռաֆայել Գրիգորյանին 2021 թվականի հունիսի 16-ից 18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծելիության համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը քննարկելու նպատակով խորհրդակցություններին մասնակցելու համար:

2. Աշոտ Մուրադյանի և Ռաֆայել Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։