Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դոլարային միլիոնատերը․ Որտեղի՞ց թոշակառու, ոստիկանության լրատվականի նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանին մոտ 1,5 մլն ԱՄՆ դոլար

Դոլարային միլիոնատերը․ Որտեղի՞ց թոշակառու, ոստիկանության լրատվականի նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանին մոտ 1,5 մլն ԱՄՆ դոլար
Քաղաքականություն
18:11, 12 июнь 2021
Քոչարյանի ցուցակում «քաղաքացի Կորեյկոների» պակաս չկա, որոնք անհայտ ծագման դոլարային միլիոնատերեր են։ Արդեն հրապարակել ենք նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ահռելի և անհայտ ծագման հարստության մասին։

«Հայաստան» դաշինքով արտահերթ ընտրություններին մասնակցող, Ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը ԿԸՀ է ներկայացրել հայտարարագիր: Ըստ այդ հայտարարագրի ոստիկանության նախկին աշխատակիցը իսկական «քաղաքացի Կորեյկո» է․ բացի 3 անշարժ գույքից (որից մեկն ավտոտնակն է) և 2 ավտոմեքենայից, հայտարարագրել է նաև 250 մլն դրամ, 750 հազար դոլար և 150 հազար եվրո: Ընդ որում, նա գործազուրկ է և Շիրինյանի կենսաթոշակը վերջին մեկ տարում կազմել է 1 մլն 716 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանը հասարակությանը առավել հայտնի դարձավ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, երբ Ոստիկանության լրատվության վարչության պետն էր և ամեն կերպ փորձում էր կոծկել ոստիկանության վայրագությունները, բռնարարքները և հանցագործությունները թե՛ 2008թ․ մարտի 1-ին, թե՛ դրանից հետո տեղի ունեցող ցույցերի ժամանակ։ 

Սայաթ Շիրինյանը մասնագիտությամբ իրավագետ է, երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում, եղել է կրտսեր լեյտենանտ, տարիներ անց՝ նաև գնդապետ,  որից հետո էլ` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ:

Շիրինյանը ոստիկանության համակարգից հեռացել էր դեռևս 2014թ. և նշանակվել որպես ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտորի տեղակալ: Իսկ 2015թ. հեռացել էր նաև այս պաշտոնից: 

Civic.am-ը փորձեց կապ հաստատել ոստիկանության նախկին պաշտոնյայի հետ` տեղեկանալու, թե ինչպե՞ս է կարողացել պետական ապարատում աշխատելով դոլարային միլիոնատեր դարձել, այն դեպքում, երբ վերջին տարիների միակ եկամուտը կենսաթոշակի ամսական մոտ 145 հազար դրամ եկամուտն է։ Սակայն պարոն Շիրինյանը մեր զանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանին 2020թ. դեկտեմբերին մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար: Նախկին ոստիկան Շիրինյանը, մասնավորապես, արյունահեղության կոչ էր արել: 

«Եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,– գրել էր ՀՓՇ-ին միացած Շիրինյանը։

Գրառում կատարելու դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել։

Ըստ ՔԿ-ի` ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):  

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը մեզ տեղեկացրեց, որ շուրջ 6 ամիս քննվող գործով Շիրինյանը դեռևս շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ, նախաքննությունը շարունակվում է: