Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարությունների մասով պետք է պարզաբանում լինի` արդյո՞ք դա նշանակում է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում. վարչապետ

Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում, որ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում։ Այս մասին այսօր բյուջետային քննարկումների ժամանակ խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Դիմելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ վարչապետը շեշտեց՝ գործընկերներից պետք է այս հարցի պատասխանը ստանալ։
«Որովհետև, եթե նշանակում է հրաժարում, այսինքն՝ տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանել, պետք է լրացուցիչ ճշգտումներ մտցնել, որպեսզի մեր հետագա գործողությունները նաև պլանավորենք», - հայտարարեց Փաշինյանը։

Ալիևը երեկ Լաչինում հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ «խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները»։

Անդրադառնաով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հունիսի 1-ին Մոլդովայում սպասվող հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը ստորգրեն խաղաղության պայմանագիրը, Փաշինյանը պատասխանեց՝ Հայաստանը դեռևս չի ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները հայկական կողմի առաջարկությունների վերաբերյալ։

«Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել», - ասաց Փաշինյանը։

Աղբյուր՝ azatutyun.am