Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահի խոսնակը պատասխանել է Ալիևին

Արցախի նախագահի խոսնակը պատասխանել է Ալիևին
Քաղաքականություն
14:48, 29 май 2023
Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, եւ, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարեւորությունը: «Արցախպրես»-ի հետ զրույցում  այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ ի պատասխան Արցախում պետական ատրիբուտները՝ լուծարելու վերաբերյալ նախօրեին Ալիեւի արած հայտարարության:

«Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձեւաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսում, մենք տեսել ենք եւ տեսնում ենք ագրեսիվության դրսեւորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ եւ այլ ճնշումների ձեւով:

Դրանց այս անգամ Ադրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները: Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով եւ Արցախի Հանրապետության Սահմանադրության հիման վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, եւ, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարեւորությունը:

Հարավային Կովկասում տեւական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը: Եվս մեկ անգամ ընդգծելով , որ Ադրբեջանը չի հարգում միջազգային որեւէ սկզբունք եւ պարտավորություն՝ նախագահ Հարությունյանը վերահաստատում է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները՝ ուղղված եռակողմ հայտարարության կողմերին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,-ասել է Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիեւը բռնթազավթված Բերձորում հայտարարել էր թե, «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը եւ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին: