Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը իր մեկ գերու համար վերադարձրել է 1027 դատապարտված պաղեստինցիների, հիմա մենք մի ռեգիոնի քարտեզ ենք տվել․ Փաշինյան

Իսրայելը իր մեկ գերու համար վերադարձրել է 1027 դատապարտված պաղեստինցիների, հիմա մենք մի ռեգիոնի քարտեզ ենք տվել․ Փաշինյան
Քաղաքականություն
13:49, 13 июнь 2021
Այսօր՝ հունիսի 13-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզ կատարած այցելության ժամանակ Աբովյան քաղաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գերեվարվածների թեմային, ասաց. «Իմ միտքը մեր 15 գերեվարված եղբայրների հետ էր մինչև այն պահը, երբ նրանք հատեցին Հայաստանի Հանրապետության սահմանը: Իսկ դրանից հետո իմ միտքը մեր մյուս գերեվարված եղբայրների և նրանց ընտանիքների հետ էր, ովքեր դեռ չեն վերադարձել: Բայց այս գերիների վերադարձը իրադարձություն չէ, դա գործընթաց է, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են: Ես չեմ բացառում, որ կան ուժեր, ովքեր ամենատարբեր խոչընդոտներ են հարուցել, որպեսզի սառեցվի գերիների վերադարձի գործընթացը, այդ թվում նաև ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու նկատառումով»:

Նա պատմեց, թե ինչպես է Իսրայելը իր մեկ գերու համար վերադարձրել 1027 դատապարտված պաղեստինցիների, ընդ որում, նրանցից 400-ը դատապարտված է եղել ահաբեկչության համար: «Հիմա մենք մի ռեգիոնի քարտեզ ենք տվել, ընդ որում, հիմա արդեն, ցավոք սրտի, այդ ականադաշտերը մեզ և իրենց չեն բաժանում, այսինքն՝ դա ադրբեջանցիների թիկունքում է, բայց էլի ոչ թե փոխանակության համար»,- նշեց Փաշինյանը, ինչին աբովյանցիներն արձագանքեցին. «Ճիշտ ես արել, մի արդարացիր»: 

«Ես ոչ թե արդարանում եմ, այլ ուզում եմ, որ դուք պատմությունն ինձնից լսեք, որովհետև էլի գնաց՝ վայ, էս տվին, էն տվին: Բայց մենք պատրաստ ենք շարունակել գերիների վերադարձման այդ պրոցեսը: Մենք պատրաստ ենք իրենց թիկունքում եղած բոլոր ականադաշտերի քարտեզները տալ»,- հավելեց նա: