Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի երդմնակալությանը Թուրքիան մասնակցեց «Թիֆլիսում նստող» դեսպանի մակարդակով, իսկ ՀՀ-ն՝ Էրդողանի առաջին երդմնակալությանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակության

Սերժ Սարգսյանի երդմնակալությանը Թուրքիան մասնակցեց «Թիֆլիսում նստող» դեսպանի մակարդակով, իսկ ՀՀ-ն՝ Էրդողանի առաջին երդմնակալությանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակության
Քաղաքականություն
21:00, 05 июнь 2023

Ընդդիմադիր հայտնի շրջանակը  ոչ մի կերպ չի մարսում այն փաստը,  որ մեկնարկել է  ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հերթական գործընթացը, և գուցե այն այս անգամ պսակվի հաջողությամբ։  Կարելի էր ենթադրել, թե ինչ արձագանքներ կհաջորդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցին, քանի որ ժամանակին հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը  սկսած ու կոտրած տաշտակի առաջ կանգնած՝ հայ-թուրքական արձանագրությունները  «գրողի ծոցն» ուղարկած նախկին իշխանությունը ամեն ինչ պետք է անի ընթացող կարգավորման գործընթացը ստվերելու համար՝ փափագելով դրա ձախողումը։ 

Հայտնի շրջանակն այդ նպատակով շարունակում է ակնհայտ կեղծ տեղեկություն տարածել Նիկոլ Փաշինյանի ՝Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողության մասնակցության՝ արարողակարգով նախատեսված որոշ  կանոնների վերաբերյալ՝ դրանք մեկնաբանելով ՀՀ ղեկավարին, իբրև թե, նվաստացնելու, նսեմացնելու համատեքստում։  

Առաջատար համարվող լրատվականներից մեկը, օրինակ, այսպիսի վերնագրով նյութ է հրապարակել․ «Ինչո՞ւ Թուրքիայում Փաշինյանին Քըլըչի մակարդակով դիմավորեցին և անուն-ազգանունը չկարդացին»։ Վերնագրում առկա է ակնհայտ սուտ, որը, նկատենք, ավելի վաղ տիրաժավորել է  ռուսական ՏԱՍՍ-ը։ Փաստորեն,  հիմք ընդունելով ռուսական լրատվամիջոցի  սուտ և խեղաթյուրված մեկնաբանությունը,  հայաստանյան առաջատար լրատվամիջոցը մասնակիցն է դարձել  ՀՀ վարչապետին առնչվող  կեղծիքի մասայականացմանը։ Արդեն հայտնել ենք, որ կեղծ է ՏԱՍՍ-ի այն պնդումը, թե  Էրդողանը երախտագիտության խոսքեր է ասել և ողջունել  մի շարք երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին՝ չհիշատակելով  Փաշինյանին։   Երդմնակալության արարողության տեսագրությունը, մինչդեռ,  փաստում է, որ Էրդողանը ի թիվս այլ  երկրների ղեկավարների՝ նշում է նաև  Փաշինյանի անունը։

Նիկոլ Փաշինյանի «նվաստացման» հաջորդ ակտ որպես դիտարկվում է այն, որ նա նստել է հրավիրյալ երկրների ներկայացուցիչների երկրորդ շարքում, մինչդեռ Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը նստած էր առաջին շարքում։ Այս մանիպուլյացիան, որին դիմելով «դարակազմիկ» վերլուծություն է արել «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական անդամ Գեղամ Մանուկյանը, անդրադարձել էինք նախորդիվ, ունի մեկ նպատակ՝  փորձել ցույց տալ, թե իբր  ՀՀ ղեկավարն ունի երկրորդական, անտեսված, արհամարհված  հյուրի կարգավիճակ, որի նկատմամբ վերաբերմունք են արտահայտել՝ նստեցնելով  երկրորդ շարքում։ Արարողակարգի համաձայն, մինչդեռ,  առաջին շարքում նստում են երկրների նախագահները, իսկ հրավիրված բոլոր վարչապետները՝ երկրորդ շարքում (այդ թվում Վրաստանի և Հունգարիայի վարչապետները)։  

Շահարկվող հաջորդ թեման էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնել մասնավորապես «Նեմեսիս»   հուշակոթողի ապամոնտաժման վերաբերյալ Թուրքիայի կողմից հնչեցված հայտարարությունների ֆոնին։

Նշենք, որ 2014-ին Թուրքիայի նախագահի ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Ռ․ Էրդողանը աչքի էր ընկել հայերի մասին վիրավորական, ռասիստական հայտարարությամբ։  Թուրքական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում Էրդողանը մեղադրել էր ընդդիմախոսներին իր դեմ կեղտոտ քարոզարշավ իրականացնելու համար ու մանրամասնել․ «Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել: Ասել են՝ վրացի եմ: Ավելի տգեղ բաներ էլ են ասել, կներեք արտահայտությանս համար՝ ասել են նաև, որ հայ եմ»: Չնայած այս հայտարարություններին և դրանց Սերժ Սարգսյանի կողմից տրված   պատասխանին՝ ՀՀ-ն որոշեց ընդունել երդմնակալությանը մասնակցելու հրավերն ու Թուրքիա մեկնեց  ի դեմս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակության։  

Ի դեպ, դա առաջին նախադեպն էր, երբ ՀՀ-ն մասնակցում էր Թուրքիայի նախագահի երդմնակալությանը։  ԱԺ-ում մինչ այդ, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ի պատասխան հարցի, թե արդյոք Թուրքիան պահպանել է դիվանագիտական էթիկետը, ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ով է մասնակցել  Թուրքիայից, փոխարտգործնախարարը պատասխանել էր․ «Իրենք մասնակցել են դեսպանի մակարդակով, որը նստած է Թիֆլիսում»։ 

 

Հ․Մ․