Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին մշակել օրակարգ, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը․ ԵԱՀԿ-ում ԵՄ արձագանքը՝ Բայրամովին

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին մշակել օրակարգ, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը․ ԵԱՀԿ-ում ԵՄ արձագանքը՝ Բայրամովին
Քաղաքականություն
22:07, 07 июнь 2023
Նախօրեին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Բայրամովի այցի կապակցությամբ, որտեղ հատուկ անդրադարձ կա Արցախյան հակամարտությանը։

Հայտարարության մեջ նախ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել բարիդրացիական հարաբերությունների սկզբունքը և պարտավորվել գործել՝ լիովին հարգելով ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ներգրավվածությունը մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ-ի գլխավորած խաղաղ բանակցություններում, որոնց ընթացքում կողմերը վերահաստատեցին միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը: Հունիսի 1-ին Քիշնևում կայացած հանդիպումը Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ ցույց տվեց նրանց հավատարմությունը գործընթացին:

Մենք շեշտում ենք, որ բանակցություններն ու երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև արդար և համապարփակ խաղաղության հասնելու միակ ճանապարհն են։ Հետևաբար, երկխոսության շարունակականությունն ու կոնկրետ արդյունքները վճռորոշ են գործընթացի համար, և մենք ողջունում ենք Բաքվի մասնակցությունը հուլիսի 21-ին կայանալիք ԵՄ-ի աջակցությամբ կայանալիք հաջորդ հանդիպմանը, որտեղ պետք է հետագա առաջընթաց գրանցվի:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին մշակել դրական օրակարգ, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Ներկայիս իրավիճակը մտահոգիչ է և բացասական հումանիտար ազդեցություն է թողնում, քանի որ էթնիկ հայ բնակչությունը բազմիցս բախվել է էներգետիկ և կապի ծառայությունների խափանումներին, ու բացի այդ հրադադարի հաճախակի խախտումները լուրջ մտահոգություն են առաջացնում նրանց բարեկեցության առնչությամբ:

Եթե դա դեռևս այդպես է, մենք կոչ ենք անում Բաքվին կոնկրետ քայլեր ձեռնարկել էթնիկ հայ բնակչության սահմանափակումները վերացնելու համար՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում և թույլ տալով, որ պահպանվի էլեկտրաէներգիայի ցանցը: Ավելին, մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից փոխարենը խթանել մի նարատիվ, որը վստահություն է ձևավորում և ստեղծում խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայր։   Նաև պետք է ձեռնարկվեն վստահության ամրապնդման միջոցառումներ, մասնավորապես՝ բանտարկյալների ազատ արձակման հետ կապված»։