Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի այս կամ այն գործողությունը դատապարտելու առումով եվրոպական, ամերիկյան օրենսդիր մարմիններում կա կոնսենսուս տարբեր քաղաքական ուժերի միջև․ քաղաքագետ

Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված էր ՀՀ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որտեղ պետք է շարունակվեին Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: Սակայն այսօր ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրին, որ ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ, անկախ հետազոտող Էդգար Վարդանյանի հետ։

Նրա խոսքով՝ քանի որ այդ հանդիպման մասին վաղուց էր հայտարարված, կարող ենք ենթադրել, որ ինչ-որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք ստիպել են Ադրբեջանին հետաձգել, որովհետև իրենք պատրաստվելու, ինչ-որ բաներ վերանայելու կարիք ունեն, այլ խաղացողների հետ քննարկելու բան ունեն, նոր դրանից հետո կգնան, այսինքն՝ ակնհայտ է, որ եթե իրենք համաձայնությունը տվել են, ուրեմն հետաձգելու պատճառը համաձայնություն տալուց հետո է առաջացել։
 
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սոչի կատարած այցի մասին, որտեղ վարչապետը պետք է տարբեր միջոցառումների մասնակցի, քաղաքագետն ասաց, որ չի կարծում, թե նման հանդիպումներից պետք է մեծ ակնկալիքներ ունենալ։

«Դրանք ավելի շատ երևի թե արարողակարգային հանդիպումներ են, և ըստ էության ՀՀ-ն ուղղակի կարող է այդ բոլոր առիթներն օգտագործել, որպեսզի բարձրաձայնի տարատեսակ խնդիրների մասին, որպեսզի հնարավորինս փորձի նաև ճնշում բանեցնել տարբեր խաղացողների վրա, հիմնականում Ռուսաստանի վրա, որպեսզի այն հնարավորինս ավելի կառուցողական կամ ոչ այնքան դեստրուկտիվ վարք դրսևորի։ Առնվազն Ռուսաստանը չխանգարի ՀՀ-ին»,- ասաց քաղաքագետը:

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել մշակել օրակարգ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Հարցին՝ դեկտեմբերի 10-ից հնչում են կոչեր, սակայն ոչ մի էական արդյունք չենք նկատում, ինչո՞ւ ԵՄ-ն չի գնում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ճանապարհով, քաղաքագետն ասաց, որ պատճառն այն է, որ ԵՄ-ն հույս ունի, որ Ադրբեջանն ինչ-որ պահից կարող է այնուամենայնիվ փոխել իր դիրքորոշումը, առնվազն որոշակիորեն մեղմացնել։  

«Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, այնպիսի պետություն է, որը Ռուսաստանի այլընտրանք է դիտարկվում Արևմուտքի համար՝ էներգետիկ ռեսուրսների մատակարարման առումով։ Եվ Ադրբեջանը կարող է նաև ընկալվել որպես ինչ-որ տեղ գործընկեր տարածաշրջանում՝ տարատեսակ իսլամական էքստրեմիզմի հետ կապված որոշակի գործողությունների դիմագրավելու առումով։ Եվ ի դեպ, շատ հաճախ հենց ԱՄՆ-ը տարբեր մակարդակներում այս հանգամանքը նշում է, որ մենք կարևորում ենք համագործակցությունը Ադրբեջանի հետ այս առումով և այլն»,- նշեց Էդգար Վարդանյանը։

Այնուհետև նա հավելեց, որ Արևմուտքից Ադրբեջանին հղված տարբեր կոչերը նախազգուշացումներ են, այսինքն՝ կան որոշակի կարմիր գծեր, և Ադրբեջանին հասկացնում են, որ եթե դուք այդ կարմիր գծերն անցնեք, մենք ստիպված ենք լինելու դնել մի կողմ այդ հնարավոր դրական կողմերը, որոնք կարող են լինել ձեզ հետ համագործակցության արդյունքում, և գնալ կոշտ միջոցների։

«Տարբեր հարցերի վերաբերայլ, որոնք կապված են անվտանգության խնդիրների հետ, մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը՝ Արևմուտքը, հանդես է գալիս երկու դեմքով։ Դա արհեստական բաժանում չէ։ Մենք տեսնում ենք, որ հիմնականում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, եվրոպական, ամերիկյան բոլոր տեսակի ազատական գաղափարախոսություն ունեցող ուժերի, բոլոր տեսակի օրենսդիր մարմիններում մեծամասնությունների և ոչ միայն մեծամասնությունների միջև կա կոնսենսուս, այլ նաև կոնսենսուս կա օրենսդիր մարմիններում տարբեր քաղաքական ուժերի միջև՝ այն առումով, որ մենք պետք է դատապարտենք Ադրբեջանի այս կամ այն գործողությունը Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ, և ընդհանրապես այլ հարցերով էլ»,-հավելեց քաղաքագետը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:


Լիլիթ Թադևոսյան