Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ հետաձգվեց հունիսի 12-ին Վաշինգտոնում տեղի ունենալիք Երևան-Բաքու հանդիպումը. Ալիևը «թայմ աութ» է խնդրել դեստրուկտիվ կեցվածքը վերանայելո՞ւ համար, թե՞ գործում է միջնորդական մեկ այլ հարթակի ցուցումով

Ինչո՞ւ հետաձգվեց հունիսի 12-ին Վաշինգտոնում տեղի ունենալիք Երևան-Բաքու հանդիպումը. Ալիևը «թայմ աութ» է խնդրել  դեստրուկտիվ կեցվածքը վերանայելո՞ւ համար, թե՞  գործում է միջնորդական մեկ այլ հարթակի ցուցումով
Քաղաքականություն
21:00, 08 июнь 2023
Ադրբեջանի նախագահի դեստրուկտիվ, ոչ պայմանագրունակ բանակցային վարքագծին հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ներգրավված սուբյեկտները առաջին անգամ չէ, որ բախվում են։ Առիթ ունեցել ենք արձանագրելու, որ ինչպես մինչև 2016-ի և 2020-ի 44-օրյա պատերազմներն էր արցախյան առաջին պատերազմում «պարտված երկիրը»  տորպեդահարում բանակցային գործընթացը, այնպես էլ այժմ, երբ համարում է, որ հաղթել է վերջին պատերազմում ու «լուծել ԼՂ հարցը»։ Ալիևի ապակառուցողականությունը՝ միջնորդական առաքելություն ստանձնած երկրներից որևէ մեկում «իքս» հարցի շուրջ պայմանավորվելը, այնուհետ՝ պայմանավորվածությունից հրաժարվելը, բանակցային մյուս սուբյեկտի՝ հայկական կողմի առաջ  նոր՝ մաքսիմալիստական պահանջներ դնելը (այն հաշվարկով, որ դրանք մերժվելու են) և այսպիսով   բանակցային կոլեկտիվ ջանքերը ջուրը լցնելը, նկատենք, հանդուրժվել է  միջազգային հանրության կողմից։ Այս ամենի հետևանքով  Ալիևի   բանակցային կամակորությունները ամեն հաջորդ բանակցային ռաունդի ժամանակ նոր դրսևորումներ են ստացել՝ ընդհուպ հատելով   ցինիզմի ու անադեկվատության շեմը։ 

Հիշեցնենք թարմ օրինակը. բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ, ըստ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության,   Ադրբեջանն ու ՀՀ-ն փոխադարձաբար ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը, մինչդեռ օրեր անց՝ Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո, Ալիևը հանդես եկավ մաքսիմալիստական, սպառնալից  հայտարարությամբ, ինչին հետևեց Նիկոլ Փաշինյանի լեգիտիմ հարցադրումը` արդյոք նման հռետորաբանությունը  վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվո՞ւմ է բրյուսելյան պայմանավորվածություններից։ Ալիևի այս  «հետքայլը», նշենք, Քիշնևում տեղի ունենալիք հնգակողմ հանդիպումից առաջ էր։ Իսկ արդեն ուշ՝    հիշյալ հանդիպման արդյունքների մասին Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ, ասվում է. «ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձևակերպված իրենց պարտավորությունները՝ Ալմա-Աթայի հռչակագրով որոշված սահմանների պահպանման վերաբերյալ: Նրանք վերահաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ հարգումը»:

Սա, ըստ էության, հղում է Բրյուսելում ձեռք բերված վերոհիշյալ պայմանավորվածությանը, թեև կոնկրետացված չեն ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքային «կոորդինատները»՝ 29.800 և 86.600 քառ.կմ։ Քիշնևում, քողազերծելով բանակցային գործընթացի որոշ դետալներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե իր տպավորությամբ՝ կա ըմբռնում, որ  ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա  ԽՍՀՄ 1975 թ. քարտեզի հիման վրա։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Հ1-ի եթերում, անդրադառնալով քիշնևյան բանակցություններին, մասնավորապես նշել էր, թե առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց է արձանագրվել։  «Մենք չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը, բայց առաջընթաց ունենք»,- ասել էր ԱԽ քարտուղարը։ Ճշտող հարցին, թե կողմերը համաձայնե՞լ են 1975 թվականի քարտեզները հիմք ընդունել, Գրիգորյանն արձագանքել էր՝ «դա ավելի ուժեղ ձևակերպում է, քան քննարկումներ են եղել, իդեալական կլիներ, որ այդպես լիներ, բայց դեռևս այդ մակարդակին չենք հասել և շարունակելու ենք բանակցությունները, որ հասնենք դրան»։ 

Գրիգորյանն իր խոսքում թեև  չէր պնդել, այլ ընդամենը Ադրբեջանի  բանակցային տրամադրվածությունն էր  արձանագրել 1975 թ. քարտեզի մասով, սակայն  Բաքուն շտապեց հերքել  իր և Երևանի միջև կոնկրետ քարտեզի հիման վրա ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը։ «Ի տարբերություն Հայաստանի՝ սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի հիման վրա, այլ վերլուծությունների և իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի ուսումնասիրման հիմքով: Այս պրակտիկայի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի դեպքում։ Կոնկրետ այս դեպքում ավելի օգտակար կլիներ, որ հայկական կողմը 1975 թվականի քարտեզը պնդելու փոխարեն սկսեր սահմանազատման աշխատանքները»,- հայտարարել էր  Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ առաջարկելով «չմոռանալ, որ Հայաստանն էր, որ երկար ժամանակ չէր արձագանքում ոչ մի առաջարկի»։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը փաստացի այս անգամ էլ փորձում է առարկել Քիշնևում ձեռք բերված բանակցային համատեքստին՝ սահմանազատում  իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա, որոնցից  այդ առումով թերևս ամենաանխոցելին  1975 թ. քարտեզն է։   

Այն, որ չկա վերջնական պայմանավորվածություն, թե որ քարտեզներով պետք է Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում իրականացնեն, նախօրեին  խորհրդարանում հայտարարեց նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ նրա՝ 1975 թվականի քարտեզներով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն ու այդ հիմքով սահմանազատման աշխատանքների իրականացումը ընդունելի լուծում է Հայաստանի համար։ Միրզոյանի համոզմամբ՝ սահմանազատման համար պետք է հիմք լինեն ոչ թե այս, այն կողմին ձեռնտու քարտեզները, այլ այն փաստաթղթերը, որոնք իրավական առումով քիչ խոցելի են։ «Ենթադրենք, քարտեզը, որը ընդունված է եղել իրավասու մարմնի կողմից խորհրդային շրջանում, վավերացված է եղել երկու խորհրդարանների կողմից և այլն, և այլն»,- պարզաբանեց ՀՀ ԱԳ նախարարը։  Հակառակ պարագայում, ըստ նրա,  բոլոր կողմերը ունեն իրենց պատկերացումները իրենց ձեռնտու քարտեզների մասին։  Վերջին երկու շաբաթների՝ ՀՀ-Ադրբեջան վերոհիշայլ՝ «հետբանակցային  պոլեմիկան» հատկանշական է՝ միջնորդ երկրների կողմից բանակցությունները հաճախակիացնելու շահագրգռության ֆոնին։ Հայտնի է, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում   նախանշված էին հերթական քննարկումները Երևանի և Բաքվի միջև՝ արտգործնախարարների մակարդակով։

Երեկ ՀՀ ԱԳ նախարար  Ա. Միրզոյանը ԱՄՆ  պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ հեռախոսազրույցում,  քննարկելով   տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը, ընդգծել է սահմանազատման գործընթացում «հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես, 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը»: «Հանձնառություն» տերմինի գործածումը՝ առանց կոնկրետացման, թե ով է եղել հանձնառուն՝ միայն Երևա՞նը, թե՞ նաև Բաքուն, ենթադրել է տալիս, որ երկրների ղեկավարների մակարդակով   համընդհանուր փոխըմբռնում եղել է մասնավորապես 1975 թ. քարտեզի մասով, այլապես ԱԳ նախարարը կոնկրետ այդ քարտեզին՝ որպես սահմանազատման իրավական հիմքի, հղում  չէր անի։ Այս համատեքստում ուշագրավ է նաև այն, որ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության վրա՝ շեշտելով ուժի կիրառման սպառնալիքի բացառման և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման անհրաժեշտությունը: Եթե փորձենք դիվանագիտական լեզվից թարգմանել վերջին նախադասությունը, թերևս պետք է նշենք, որ այսպիսով ուշադրություն է հրավիրվում  Ադրբեջանի բանակցային վարքագծի վրա՝ պայմանավորվել մի բան, հետո վերադառնալ տուն ու բանակցածին հակասող հայտարարություններ անել՝ համոզիչ թվալու  համար խախտելով նաև  հրադադարը։ 

Այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հունիսի 12-ին նախատեսված քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:  «Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:    

Ի՞նչ կարող է նշանակել այս հետաձգումը. արդյոք Արևմուտքը Բաքվին «կարմիր քա՞րտ» է   ցույց տվել՝ արևմտյան հարթակում՝ ԱՄՆ-ում և Բրյուսելում,  ձեռք բերված  (բերվելիք)   պայմանավորվածությունները  տորպեդահարելու և այսպիսով այս հարթակի արդյունավետությունը կասկածի տակ դնելու,  որակազրկելու համար, և Ալիևը «թայմ աութ» է խնդրել՝ բանակցային  կարծր դիրքորոշումը սրբագրելո՞ւ համար, թե՞ Ադրբեջանը գործում է միջնորդական մեկ այլ հարթակի՝ ՌԴ-ի ցուցումով՝ սեպ խրելու  բանակցային թափանիվի մեջ, արհեստականորեն պասիվացնելու  բանակցային աշխուժությունը, նաև այն պատճառով, որ Կրեմլի ձեռքից կարծես խլվել է ակտիվ  նախաձեռնող   և բանակցային արդյունավետություն երաշխավորող  մոդերավորի էստաֆետը։ Չի բացառվում, որ մինչև ԱՄՆ-ում նշանակվելիք նոր հանդիպումը  ընթացքում Բաքուն կրկին դիմի ռազմական սադրանքի՝ խախտելով  բանակցային ստատուս քվոն, որը հաստատվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո։   

Նշենք, որ Քիշնևում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  ԱՄՆ-ում նախանշված  և փաստորեն հետաձգված հանդիպմանը պետք է հաջորդի հուլիսի 21-ին Բրյուսելում նախանշված եռակողմ հանդիպումը։ Եվրամիությունը երեկ հայտարարություն է  տարածել և նշել, որ Բրյուսելում կայանալիք հաջորդ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ակնկալում է հետագա  առաջընթաց։ 

Հ. Մ.