Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շարունակվում է 2023 թ. խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագիրը. հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ

Շարունակվում է 2023 թ. խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագիրը. հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ
Քաղաքականություն
22:33, 09 июнь 2023
Շատ կարեւոր է երիտասարդների ներգրավվածությունը հայ քաղաքական կյանքին: Այն, ինչ իրականացնում եք հիմա, պահանջում է քաղաքական գիտելիքներ եւ քաղաքական միտք, կարեւոր է քաղաքական որոշումներ կայացնելիս լինել քաղաքական մարդ. ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հունիսի 9-ին  խորհրդարանում փորձաշրջան անցնող Ազգային ժողովրդավարության իստիտուտի (NDI) կողմից անցկացվող «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելլոուշիփ 2023» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը: 
  
Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտի 1-ից: Մասնակից 27 փորձնակներն իրականացնում են մի շարք խորհրդարանական աշխատանքներ, այդ թվում` մեդիամոնիտորինգ, կազմակերպում պատգամավորների հետ համայնքային այցեր, տրամադրում խորհրդատվություններ, իրականացնում միջազգային փորձի ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, կատարում թարգմանություններ, օգնում պատգամավորներին հաջողությամբ կազմակերպել օտարերկրյա այցեր: 
  
Հանդիպման ընթացքում պատգամավորը ծանոթացրել է հանձնաժողովի գործունեությանը, հիմնական գործառույթներին, ներկայացրել Եվրոպական միության եւ ՀՀ միջեւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ հանձնաժողովի կատարած աշխատանքները ԵՄ մարմինների հետ: 
  
Փորձնակները հետաքրքրվել են վիզաների ազատականացման գործընթացով, բարձրաձայնել Հայաստանում Շենգենյան մուտքի արտոնագիր ստանալու համար առաջ եկած խնդիրների մասին, հարցեր հնչեցրել ՀՀ արտաքին ռազմավարության եւ խորհրդարանական դիվանագիտության վերաբերյալ, մտահոգություն հայտնել երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին: 
  
Արման Եղոյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Եվրոպական միության ընկերությունների համար առկա գործարար միջավայրին, երկկողմ առեւտրի ծառայությունների մատուցման ոլորտում ներդրումային հնարավորությունները զարգացնելու եւ ընդլայնելու հարցերին ու շեշտել, որ ԵՄ-ն եւ Հայաստանը տարեցտարի խորացնում են համագործակցությունը համապատասխան համակարգերի միջեւ եւ ձգտում փոխադարձ ըմբռնման մակարդակի բարձրացման: 
  
Մասնակիցները կարեւորել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից «Մշակութային եւ հանրային դիվանագիտության» շրջանակում կազմակերպվող համայնքային միջոցառումների իրականացումը, որոնք կոչված են խթանելու մշակութային զարգացվածությունն ու ճանաչողությունը ոչ մշակութային համայնքներում: 
  
Հիշեցնենք, որ տասն ամիս տեւողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից եւ իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում: 
  
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի կողմից փորձնակների համար կազմակերպվող դասընթացներն ու խորհրդարանական հանդիպումներն օգնում են անկաշկանդ եւ անխոչընդոտ կատարել իրենց առջեւ դրված պարտականություններն ու զարգացնել մասնագիտական որակները: