Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պենտագոն. «Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու արգելքը չի վերացվի»

Պենտագոն. «Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու արգելքը չի վերացվի»
Քաղաքականություն
22:41, 08 февраль 2021

Ամերիկյան կողմը հերթական անգամ հայտարարել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար Թուրքիայի նկատմամբ կիրառված F-35 կործանիչների մատակարարման արգելքը չի վերանայվելու. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ DefenseOne-ի՝ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով թեմային, ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր կարևոր դաշնակիցն է, սակայն Անկարայի կողմից (ռուսաստանից-խմբ.) S-400 համակարգերի գնման որոշումը հակասում է որպես ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակից նրա պարտավորություններին: Մեր դիրքորոշումը չի փոխվել: S-400-ը անհամատեղելի է F-35-ի հետ և Թուրքիան այդ պատճառով հեռացվել է կործանիչների ծրագրից»:


Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների նախագիծը համատեղ իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին նրան։